Այսօր՝ օգոստոսի 5-ին, հերթական փտած ու դարն ապրած ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ Ռադիոտնից դեպի Երևանի պետական համալսարան տանող ճանապարհին, արմատից փտած ծառը տապալվել ու ընկել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, չսպասելով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին, իրենք ավտոմեքենայի սեփականատեր՝ Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Պարյանի հետ մասնատել են ծառը և հեռացրել։
Թե ով է փոխհատուցելու քաղաքացուն պատճառված վնասը, կարծես թե մնացել է օդում կախված։ Իսկ արդյոք Երևանի քաղաքապետարանը կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կփոխհատուցե՞ն, երևի դա նույնպես բարի կամքի հարց է։