ՀԲԸՄ-ն կոչ է անում ետ կանչել Կաթողիկոսին առաջադրված մեղադրանքը
Հայտարարություն
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորապես մտահոգված է Հայ Եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող հետապնդումներով։
Հայաստանի Կառավարության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց այլ եպիսկոպոսների նկատմամբ քրեական մեղադրանքի առաջադրումը, որն առաջացել է թեմի ղեկավարման հետ կապված ներեկեղեցական հարցից, լուրջ հարցեր է բարձրացնում կրոնական ազատության և օրենքի գերակայության հարգման վերաբերյալ։
ՀԲԸՄ-ն հարգալից կերպով կոչ է անում հետ կանչել այս մեղադրանքը, որը, մեր համոզմամբ, չունի իրավական հիմք և հակասում է մեր պատմական ավանդույթներին։ Ինչպես նախկինում, ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դերակատարում ունենալ այս իրավիճակի հանգուցալուծման գործում, եթե դրա կարիքը լինի։
Սահմանադրությամբ և ազգային օրենքներով Հայաստանի Հանրապետությունը Հայ Առաքելական Եկեղեցին ճանաչում է որպես Ազգային Եկեղեցի, ընդունում է նրա ինքնակառավարման իրավունքը և պաշտպանում կրոնական ազատությունը։ Ըստ այդմ, եպիսկոպոսների՝ եկեղեցական պաշտոնին համապատասխանության վերաբերյալ հարցերը պատշաճ կերպով լուծվում են Կանոնական իրավունքի և Եկեղեցու սահմանված ընթացակարգերի միջոցով։
ՀԲԸՄ-ն հարգում է Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, նրա քաղաքական իշխանությունը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։
Միևնույն ժամանակ, ՀԲԸՄ-ն անսասան է մնում իր հարգանքի մեջ մեր Հայ Եկեղեցու և նրա ղեկավարության հանդեպ, որն ընտրվել է Կանոնական իրավունքին և եկեղեցական իշխանությանը համապատասխան, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայկական ինքնության պահպանման գործում Եկեղեցու մշտական դերի հանդեպ։