Մհեր Գրիգորյանը ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է TRIPP նախագծի իրականացումը

Բաժանորդագրվել

Հանդիպմանը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարութան մամուլի ծառայությունից։

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև «Թրանս-Կասպյան ձեռնարկությունների» հիմնադիր նախագահ Կոնստանտին Սոկոլովը և Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը։

Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը՝ ընդգծելով դրա իրականացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Leave a comment