Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Ուղերձում նա բարձր է գնահատել Ազգային ժողովի նվիրվածությունը ԵԽԽՎ աշխատանքներին՝ ընդգծելով, որ Ռուբեն Ռուբինյանի երկարամյա ներգրավվածությունը վեհաժողովում, այդ թվում՝ որպես փոխնախագահ և ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ամուր հիմք է ստեղծում երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման համար։
Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ շարունակական աջակցությունն ու պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով։ Նա նաև նշել է, որ անհամբեր սպասում է Ռուբեն Ռուբինյանի մասնակցությանն այս տարվա հոկտեմբերին Հռոմում կայանալիք Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, ինչպես նաև ձևավորված գերազանց համագործակցության շարունակությանը։