Հյուսիսային Կորեայի հրթիռային ստորաբաժանումը շուտով կտեղակայվի Ռուսաստանի արևմուտքում՝ Ուկրաինային հարվածներ հասցնելու համար: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի ռազմական հետախուզության խոսնակ Անդրեյ Չեռնյակին:
Հաղորդագրությունների համաձայն՝ մոտ 90 հյուսիսկորեացի զինվորականներից բաղկացած ստորաբաժանումն արդեն մեկնել է Ռուսաստան: Այն կարող է հագեցած լինել 120 բալիստիկ հրթիռով և վեց արձակիչ կայանքով: Հյուսիսկորեական ստորաբաժանումը, ենթադրաբար, կտեղակայվի Վորոնեժի մարզում:
Ըստ փորձագետների՝ հյուսիսկորեական հրթիռները կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ուկրաինայի համար: Ըստ աղբյուրի՝ հատկապես մտահոգիչ կարող է լինել Ուկրաինայի օդային պաշտպանության վիճակն այս ձմռանը, երբ Ռուսաստանը կարող է կրկին համակարգված հարձակվել երկրի էլեկտրահամակարգի վրա:
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերն Ուկրաինայի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման ժամանակ Ուկրաինայի օդային պաշտպանությունը չի կարողացել կասեցնել արձակված ոչ մի բալիստիկ կամ հականավային հրթիռ՝ հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Telegram ալիքում: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է 17 մարդ, վիրավորվել՝ 44-ը:
Ավելի վաղ Զելենսկին խոսել էր Ուկրաինայի զինված ուժերի համար հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռների պակասի մասին և կոչ էր արել Կիևի գործընկերներին փոխհատուցել այդ պակասը նոր մատակարարումներով։