Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել

Քաղաքականություն

05.08.2026 | 16:00

Օգոստոսի լույս 5-ի գիշերը Լայպցիգ/Հալլե օդանավակայանում ուկրաինական Ան-124 բեռնատար ինքնաթիռի մոտ կասկածելի առարկա է հայտնաբերվել: DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ այն պայթուցիկներով և դետոնատորով հագեցած անօդաչու թռչող սարք է: Այն վնասազերծվել է հեռակառավարվող ռոբոտի միջոցով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լայպցիգի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը, մի քանի ինքնաթիռներ ուղղորդվել են այլ օդանավակայաններ: Օդանավակայանի հարավային թռիչքուղին փակ է՝ հետաքննության համար: Հյուսիսային թռիչքուղու վրա թռիչքները վերսկսվել են։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դիվերսիայի կասկածելի դեպքի կապակցությամբ: Անօդաչու թռչող սարքի օպերատորի որոնումները շարունակվում են:

Նույն գիշերը Լայպցիգ/Հալլե օդանավակայանում DHL-ի բեռնատար ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց օդում բախվել է անհայտ առարկայի: Հանովերի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո քննիչները հայտնաբերել են ինքնաթիռի քթի մասի աննշան վնասվածք: Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես պետական ​​անվտանգության դեմ հնարավոր հանցագործություն:

DHL-ի գործադիր տնօրեն Տոբիաս Մայերն ասել է, որ միջադեպն «ազդել է ընկերության գործունեության վրա», հետևանքները «բավականին շոշափելի են»:

Լայպցիգ/Հալլե օդանավակայանն արևմտյան զենքի՝ Ուկրաինա մատակարարումների առանցքային լոգիստիկ հանգույցներից է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment