ՏԵՍԱՆՅՈւԹ․ Այս ամբիոնից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է ծառայի մեր պետության ու ժողովրդի շահերին. մենք այստեղ ենք՝ լուծում տալու ՀՀ քաղաքացու խնդիրներին. Լենա Մաթևոսյան

Այս ամբիոնից իմ առաջին ելույթն է և «Ուժեղ Հայաստան»-ի իմ գործընկերների նման ուզում եմ նշել՝ մեծ պատասխանատվությամբ, աշխատանքային տրամադրվածությամբ եմ մոտենում այս ամբիոնին, և համոզմամբ, որ այս ամբիոնից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է ծառայի մեր պետության ու ժողովրդի շահերին։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը:

«Այո՛, մենք այստեղ ենք՝ բարձրաձայնելու յուրաքանչյուր քաղաքացու ձայնը։ Այո՛, մենք այստեղ ենք լուծում տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու խնդիրներին։

Այսօր ուզում եմ անդրադառնալ այս ամբիոնից, վերջին երեք օրն ամենահաճախ հնչող հարցին, որին հատուկ շեշտադրում տվեցին պարոն Ալեքսանյանը, պարոն Եղոյանը, թե ի՞նչ է հայրենիքը, որո՞նք են հայրենիքի սահմանման չափորոշիչները։

Ես, իհարկե, կպատասխանեմ՝ մեր պատկերացմամբ ինչ է հայրենիքը, որո՞նք են մեր չափորոշիչները, բայց եկեք հասկանանք՝ որո՞նք են հայրենիքի սահմանման ձեր չափորոշիչները։ Օրինակ՝ Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնելը, թե, օրինակ, ուսումնական ծրագրերից Հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկան հանելը, կամ, երևի, Հայոց պատմության դասագրքից արցախյան դրվագները հանելը, իրադարձությունները ջնջելը: Փառքի անկյունները հանելը, կամ Արարատը խորհրդանիշերից հանելը, դա՞ է երևի պետության, հայրենիքի սահմանման չափորոշիչները: Տխուր է պատկերը»,-նշել է նա:

Մաթևոսյանը հավելել է՝ ձեր գործընկերուհին, իր ելույթում ասում է՝ զգույշ կլինեք Հայաստանի տարածքում մարզային այցերի ժամանակ այլ պետության տարածքում չհայտնվեք։

«Եթե մենք, մարզային այցի ժամանակ հայտնվում ենք այլ երկրի տարածքում, դրա թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն ձեր իշխանությունն է»,-ասել է նա:

Leave a comment