«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են


ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:


 


«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):


 


2026 թվականի օգոստոսի 5-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա Ս.Ա.-ն և Ա.Դ.-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով: 


 


Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։


 


Մեր տեղեկություններով՝ խոսքը «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի և տնօրեն Արթուր Դալլաքյանի մասին է:


 

Դիտումների քանակ8

Leave a comment