Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ դատական նիստը՝ օգոստոսի 7-ին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին՝ ժամը 16․00-ին։ Գործը կքննի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն բանի համար, որ իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրեւ խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:
Խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունած որոշումը։
Գործով անցնող մյուս մեղադրյալները՝ Նաթան Օհանիսյանը, Հայկազուն-Վրեժ Նաջարյանը, Վահան Հովհաննէսեանը, Էդգար Հակոբյանը,Նելսոն Բաբայանը, Արթուր Հակոբյանը մեղադրվում են իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար:
Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ի դեպ,օգոստոսի14-ին կհրապարակվի Արման Սարոյանի հայցադիմումի վերաբերյալ դատական ակտը։
Հիշեցնենք, որ վերջինս պահանջում է ճանաչել անվավեր հայցվորին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը (որոշումը) ու վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: