Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը չեն հեռանա Գազայի հատվածում իրենց դիրքերից՝ մինչև ՀԱՄԱՍ-ը լիովին չզինաթափվի։ Նա նաև մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջերս հայտարարված համաձայնագիրը, գրում է Euronews-ը։
Իսրայելի վարչապետի հայտարարությունները կասկածի տակ են դնում զինաթափման համաձայնագիրը, որը համարվում էր պատերազմի ավարտի ուղղությամբ հնարավոր առաջընթաց։ Այն նաև հրապարակայնորեն բացահայտում է Թրամփի վարչակազմի հետ շարունակվող լարվածությունը։
Համաձայնագիրը պահանջում էր, որ ՀԱՄԱՍ-ը սկսի զինաթափման գործընթացը, իսկ Իսրայելը դադարեցնի հարձակումները և սկսի զորքերի դուրսբերումը Գազայի տարածքի մոտ 60%-ից, որը ներկայումս վերահսկում է։ Այն հիմնված էր հոկտեմբերյան հրադադարի համաձայնագրի վրա։ Այն ավարտել էր խոշոր ռազմական գործողությունները և հանգեցրել Գազայում մնացած պատանդների ազատ արձակմանը, բայց փակուղի մտցրել այլ ուղղություններում։
Նեթանյահուն, որին հոկտեմբերին կայանալիք Քնեսեթի ընտրություններում դժվար պայքար է սպասվում, կրկին նշել է, որ զինաթափումը պետք է նախորդի մյուս բոլոր քայլերին։ Նա ասել է, որ իսրայելական ուժերը կշարունակեն «անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, մեր տարածքը և մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»։
«Թրամփի վարչակազմը մեզ ուղարկել է նախագիծ։ Մենք չենք համաձայնել դրա հետ։ Դա մեր նախագիծը չէ։ Մենք ուղարկել ենք մեր մեկնաբանություններ։ Սա մեր դիրքորոշումն է։ Նախագահ Թրամփը և նրա թիմը կարծում են, որ կարող են հասնել ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը և Գազայի ապառազմականացմանը։ Մենք ուսումնասիրում ենք սա։ Նրանք մեզ ուղարկել են նախագիծ, բայց մենք այն չենք ընդունել։ Սա մեր տեքստը չէ։ Մենք ուղարկել ենք մեր մեկնաբանությունները։ Ի դեպ, մենք դրանք ուղարկել ենք այս հարցի շուրջ որևէ լրատվական արշավ սկսելուց առաջ, քանի որ սա մեր դիրքորոշումն է։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք մեր շահերը, և կարծում եմ՝ դա անում ենք վճռականորեն»,- ասել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում։
ԱՄՆ-ի կողմից աջակցվող հոկտեմբերյան հրադադարի համաձայնագիրը նախատեսում էր նաև միջազգային կայունացման ուժերի տեղակայում և տարածքի կառավարման ու վերակառուցման փոխանցում անկախ Պաղեստինի ինքնավարությանը: Հուլիսի սկզբին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր Գազայի հատվածում իր կառավարության լուծարման և քաղաքացիական իշխանությունը տեխնիկական հանձնաժողովին փոխանցելու նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին:
Իսրայելը հայտարարում է, որ ամեն ինչ կախված է ՀԱՄԱՍ-ը կհրաժարվի զենքից, մինչդեռ խմբավորումը պնդում է, որ Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումները և սկսի իր ուժերը դուրս բերել այդ տարածքից: Կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի