Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.08.2026 | 12:21

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը անդրադարձել է «Հայփոստ»-ի ֆինանսական վիճակին, իշխանական պատգամավորների հայտարարագրերին և մանկապարտեզների վերանորոգման որակին։

Պատգամավորը հակադարձել է Բաբկեն Թունյանի այն պնդմանը, թե պետությունը ֆինանսապես չի աջակցել «Հայփոստ»-ին։ Մանուկյանը հղում է արել կառավարության 2024թ. օգոստոսի 15-ի որոշմանը, որով ընկերությանը հատկացվել է 1 միլիարդ 951 միլիոն դրամ։ 

«Դուք գիտակցել եք, որ «Հայփոստ»-ը կսնանկանա… ու այդ գումարը տվել եք»,- նշել է նա։ 

Բացի այդ, ըստ պատգամավորի, Սարյան փողոցում գտնվող փոստի շենքի վաճառքից ստացված 1 միլիարդ 357 միլիոն դրամը նույնպես ուղղվել է ընկերությանը՝ աշխատավարձեր վճարելու և սնանկացումից խուսափելու համար։

Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ հայտարարագրին։ Նա նշել է, որ ընտանիքի եկամուտը կազմել է մոտ 49.8 միլիոն դրամ, որից հանգստի և վարկերի մարման վրա ծախսվել է շուրջ 18.2 միլիոն դրամ։ 

«Տարբերությունը՝ 31 միլիոն դրամ, չկա, անհետացել է»,- հայտարարել է պատգամավորը։ Նա նաև կասկած է հայտնել բնակարանի ձեռքբերման գնի վերաբերյալ՝ նշելով, որ 75 միլիոնանոց տունը ձևակերպվել է 55 միլիոնով՝ եկամտահարկի վերադարձից օգտվելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment