«Աստարա» մաքսակետում և բեռնային տերմինալում մոտ տասը բեռնատարներից կազմված խցանում է առաջացել՝ ադրբեջանական և դաղստանյան համարանիշներով, հաղորդում է ՌԻԱ «Դաղստան»-ը։
Ինչպես հայտնել են Դաղստանի տրանսպորտի նախարարությունից, բեռը Հայաստանում աճեցված պղպեղ է, որը պետք է վերաարտահանմամբ ուղարկվեր Ռուսաստան։ Սակայն պարզվել է, որ իրանցի միջնորդները փորձել են փոխարինել փաստաթղթերը, որպեսզի ապրանքը ներկայացնեն որպես իրանական։
Դաղստանից վարորդներն արդեն տասը օր սպասում են որոշման։ Այդ ընթացքում պղպեղի մի մասը սկսել է փչանալ․ պիտանելիության ժամկետները մոտենում են ավարտին։ Փոխադրողները խնդրում են թույլատրել բեռի բեռնաթափումը, սակայն միջնորդները պնդում են փոխադրումն իրականացնել առանց բեռնաթափման։
Իրավիճակով զբաղվել է Դաղստանի տարածաշրջանային հասարակական ավտոմոբիլային փոխադրողների կազմակերպության ներկայացուցչությունը։ Մոտ ժամանակում հարցում կուղարկվի Իրանի արդարադատության նախարարություն՝ գործողությունների կարգը պարզաբանելու և հարկադիր պարապուրդի համար փոխհատուցում ստանալու նպատակով։
Դաղստանի տրանսպորտի և ճանապարհային տնտեսության նախարարությունը շեշտում է, որ անթույլատրելի է փոխադրման ընդունել անօրինական հայկական արտադրանք․ դրա ներմուծումը Ռուսաստանի տարածք չի թույլատրվում։ Գերատեսչությունը կոչ է անում խստորեն պահպանել օրենսդրությունը և չթույլատրել այնպիսի գործողություններ, որոնք հանգեցնում են պարապուրդի և բեռների փչացման։