Կրակոց և առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Սուպերմարկետի ցանցի գրասենյակում հայտնաբերվել Է գլխավոր տնօրենի մարմինը
Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 02:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1/23 հասցեում դի կա։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր, և գլխավոր տնօրենն էր։
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ դեպք քննչական բաժինը պարզում է։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակում։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասել են.
«Մահացածը երկար տարիներ առաջ իր ընկերների հետ հիմնադրել է «Բոնուս» սուպերմարկետների ցանցը, որը հանրապետության գրեթե բոլոր մարզերում մոտ 16 մասնաճյուղ ուներ, ու էդ մարդիկ առավոտից իրիկուն իրենց քրտինքով ստեղծում էին բարիք, աշխատատեղեր էին բացել։ Բայց հետո ինչ-որ մարդիկ սկսեցին էս մարդկանց բիզնեսը խլելու գործընթաց։
Էսօր տեսանք, որ ահագին ոստիկաններ ու պարեկներ եկան էստեղ, որից հետո իմացանք, որ նման դեպք է եղել։ Բայց չենք հավատում, էդ մարդն իր ընտանիքը սիրող, մարդու արժեքը գնահատող մարդ էր։ Էլի ենք պնդում՝ չենք հավատում, որ իբրև թե ինքնասպանություն է եղել։ Ոչ մի ինքնասպանություն։ Թող իրավապահները օբյեկտիվ քննություն անեն ու իրականությունը հանեն ջրի երես։ Կյանքը սիրող, բարիք ստեղծող մարդը նման քայլի չէր դիմի»։