ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան

Քաղաքականություն

05.08.2026 | 10:23

Ռուսական զորքերն օգոստոսի լույս 5-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Կիևին և Կիևի մարզին, գրում է Current time-ը։

Կիևում մեկ մարդ է զոհվել, ևս 26-ը՝ վիրավորվել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նա նշել է, որ Օբոլոնսկի և Դեսնյանսկի շրջաններում այրվել են պահեստներ, իսկ Կիևի արվարձաններում՝ ոչ բնակելի շենքեր։ Գոլոսեևսկի շրջանում ոչ բնակելի շենքի վրա հարվածի հետևանքով ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ Գոլոսեևսկի շրջանում ռուսական զորքերի կողմից հարձակման ենթարկված համակարգը պարունակում էր շուրջ 300 լիտր ամոնիակ։

«Արտահոսքը դադարեցվել է փրկարարների կողմից։ Բնակչության համար սպառնալիք չկա»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիևի մարզում զոհվել է 14 և վիրավորվել 22 մարդ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության  տվյալներով՝ հրդեհներ են բռնկվել Բրովարի և Բուչա շրջանների պահեստներում, իսկ Ֆաստովսկի շրջանում այրվել են մեքենաներ։

«Ամենամեծ թվով զոհերը գրանցվել են Բրովարի շրջանում, որտեղ զոհվել է 9 մարդ։ Թշնամին սպանել է ևս 4 խաղաղ բնակչի Բուչայի շրջանում։ Մեկ մարդ էլ մահացել է Ֆաստովսկի շրջանում։ Անպայման արդարացի պատասխանատվություն կլինի յուրաքանչյուր նման հանցագործության համար»,- ասել է Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ օգոստոսի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է չորս «Ցիրկոն»/«Օնիքս» հականավային հրթիռ, 24 «Իսկանդեր-Մ»/C-400 բալիստիկ հրթիռ և 115 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինացի զինվորականները խոցել են 98 անօդաչու թռչող սարք։

«Արձանագրվել է հրթիռների և 17 հարվածային ԱԹՍ-ների հարված 26 վայրերում, ինչպես նաև խոցված թիրախների բեկորների անկում՝ ևս 6 վայրերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment