Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրյա քաղաքացիները կարող են ոչ միայն տուգանվել, այլև արտաքսվել Ռուսաստանից։

Փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Նոր օրենքով վարչական իրավախախտումների այն հոդվածների թիվը, որոնց դեպքում հնարավոր է արտաքսում, ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 45-ի։

Մասնավորապես, արտաքսում կսպառնա այն օտարերկրացիներին, ովքեր կդրսևորեն խտրականություն սեռի, ռասայի, ազգության, լեզվի, կրոնի կամ այլ հատկանիշների հիմքով, չեն ենթարկվի պետական սահմանը պահպանող զինծառայողների օրինական պահանջներին, ինչպես նաև կխախտեն հանրային կարգն ու անվտանգությունը։

Օրենքը նաև նախատեսում է արտաքսում չարտոնված հանրահավաքների, ցույցերի, երթերի և պիկետների կազմակերպման կամ մասնակցության, ծայրահեղական կամ նացիստական խորհրդանիշների ցուցադրման, ատելություն կամ թշնամանք հրահրելու, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերի, Զինված ուժերի «վարկաբեկման», ինչպես նաև Ռուսաստանի դեմ քաղաքական կամ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու կամ երկարաձգելու հրապարակային կոչերի համար։

Նոր կարգավորումները վերաբերում են բացառապես օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք նման իրավախախտումների դեպքում կարող են ենթարկվել վարչական արտաքսման Ռուսաստանի տարածքից։

Leave a comment