Երկամյա դադարից հետո Բրյուսելի թագավորական պալատը վեց շաբաթով բացել է դռներն այցելուների առջև՝ վերականգնելով 1965 թվականից ձևավորված ավանդույթը։
Թագավորական ընտանիքn այստեղ չի բնակվում։ Պալատը Բելգիայի միապետ Ֆիլիպի և թագուհի Մաթիլդայի հիմնական աշխատավայրն է, որտեղ անցկացվում են պետական ընդունելություններ և դիվանագիտական արարողություններ։
Պալատը սովորաբար հանրության համար բացվում է հուլիսի 21-ին՝ Բելգիայի ազգային օրը, և բաց էր մնում մինչև օգոստոսի վերջ։ Այս տարի այն բացվել է հուլիսի սկզբին և այցելուների կընդունի մինչև օգոստոսի 16-ը։
«Այս տարի սեպտեմբերի սկզբին նախատեսված է պետական այց։ Ուստի թագավորական օրացույցի փոփոխված գրաֆիկը պահանջում է, որ պալատը պատշաճ վերականգնվի և պատրաստ լինի բարձր մակարդակի պաշտոնական ընդունելության համար»,- Factor TV-ին ասաց Թագավորական պալատի Մեդիայի և հաղորդակցության բաժնի տնօրեն Քսավիե Բաերտը։
Պալատի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացրել է Բելգիայի շենքերի գործակալությունը, ներառել են պալատի ճակատային մասերի, քարե աստիճանների, արձանների և պարիսպների մաքրումն ու վերականգնումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 6 միլիոն եվրո։ Հատուկ ուշադրություն է դարձվել շենքի էներգաարդյունավետությանը. ավելի քան 700 պատուհան վերականգնվել կամ փոխարինվել է բարձր արդյունավետությամբ մեկուսիչ ապակիներով։ Բաերտը շեշտում է՝ ընդհանուր առմամբ իրականացվել է 3,140 քառ. մետր մակերեսով ատաղձագործական աշխատանք։
«Հիմնական մարտահրավերը Թագավորական պալատի ճարտարապետական և պատմական ամբողջականությունը պահպանելն էր՝ միաժամանակ բարելավելով դրա երկարաժամկետ կայունությունն ու աշխատունակությունը։ Յուրաքանչյուր միջամտություն ուշադրությամբ մշակվել է՝ հարգելով շենքի սկզբնական նյութերը, արհեստագործությունը և տեսքը։ Հնարավորության դեպքում սկզբնական տարրերը վերականգնվել են, այլ ոչ թե փոխարինվել»,- ասաց Թագավորական պալատի Մեդիայի և հաղորդակցության բաժնի տնօրենը։
Այս տարվանից Թագավորական պալատի մուտքն այլևս անվճար չէ։ Սահմանվել է 10 եվրո մուտքավճար 13 տարեկանից բարձր անձանց համար, իսկ 12 տարեկան և փոքր տարիքի երեխաների մուտքն անվճար է։ Այս որոշումը պայմանավորված է բյուջետային խնայողություններով. մինչ այժմ այցելուների համար պալատի ամենամյա բացումը ֆինանսավորվում էր Բելգիայի գիտական քաղաքականության դաշնային մարմնի (BELSPO) կողմից, սակայն այդ բյուջեն դադարեցվել է։
Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կուղղվի 6-շաբաթյա այս միջոցառման կազմակերպմանը, շենքի անվտանգությանն ու մաքրությանը։
«Տոմսերի վաճառքից ստացված հավելյալ շահույթը չի փոխանցվի Թագավորական պալատին, այլ ներդրվելու է դաշնային գիտական հաստատություններում»,- հայտնեց Քսավիե Բաերտը։
Այս տարի պալատի այցելուները հնարավորություն ունեն տեսնելու պատմական հանդիսությունների սրահները, այգիները և չորս ժամանակավոր ցուցադրությունները։
Արդեն իսկ ամրագրվել է շուրջ 89,000 տոմս, բայց վաճառքը շարունակվում է։ Պալատի ներկայացուցչի խոսքով՝ ակնկալում են, որ այցելուների թիվը կլինի համադրելի նախորդ տարիների հետ, նույնիսկ ավելի բարձր։ Տոմսերը հնարավոր է գնել միայն առցանց։
Իսկ ո՞րն է Բրյուսելի թագավորական պալատի գաղտնիքը։ Factor TV-ի հարցին պատասխանելու համար Քսավիե Բաերտը մի քիչ երկար մտածեց․ «Ոչինչ մտքովս այս պահին չի անցնում»։
Բայց պալատն ունի իր մութ էջերը․ Բելգիայի Լեոպոլդ II թագավորն ընդարձակել է Բրյուսելի թագավորական պալատը Կոնգոյում գաղութային դաժան քաղաքականության արդյունքում ստացված հարստության հաշվին։ Պալատի «Հայելիների սրահի» շինարարությունը սկսվել է Լեոպոլդ II-ի օրոք և նախագծված էր խորհրդանշելու Աֆրիկան ու Կոնգոն (պատերին նախատեսված էին աֆրիկյան թեմատիկայով ալեգորիկ տեսարաններ):
Սրահն այսօր զարդարված է բելգիացի արվեստագետ Ժան Ֆաբրի «Հաճույքի երկինք» աշխատանքով՝ կազմված 1.4 միլիոն թաիլանդական բզեզների թևերից։ 2002 թվականին Ժան Ֆաբրը և նրա 29 օգնականները չորս ամիս շարունակ հատուկ սոսնձով մեկ առ մեկ փակցրել են բզեզների պատյանները:
Չնայած Ֆաբրի հետ կապված սկանդալներին (դատապարտվել է սեռական ոտնձգության համար)՝ պալատը որոշել է պահպանել այս գործը՝ որպես մշակութային ժառանգության մաս:
Կարինե Ասատրյան
Բրյուսել