Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին

Հայաստանի տարբերակը չի հիշատակվել Եվրամիության ՆԳ նախարարների քննարկմանը, որին, ենթադրաբար, պետք է ներկայացվեր առաջարկ, ըստ որի՝ ապօրինի ներգաղթյալների համար որպես վերադարձի ուղղություններ էին դիտարկվում մի քանի աֆրիկյան երկրներ, Ուզբեկստանը, Մոնտենեգրոն և Հայաստանը։

ՆԳ նախարարների ոչ պաշտոնական հեռավար ժողովը կայացել է, բայց Բրյուսելում մեր թղթակցին հայտնել են, որ Հայաստանի տարբերակը չի քննարկվել այդ հանդիպմանը։

«Վիդեոկոնֆերանսին չի քննարկվել Հայաստանում միգրանտների հաբ բացելու հարց», – հայտնել է Factor TV-ի աղբյուրը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՆԳ նախարարների քննարկման օրակարգում եղել են Իսպանիայի Սեուտա էքսկլավ մարոկկացի ապօրինի միգրանտների ներխուժումը, ինչպես նաև առհասարակ դեպի ԵՄ տարածք ապօրինի միգրացիայի կանխարգելումը։

«Ընդհանուր ըմբռնում է եղել ներգաղթյալների ապօրինի տեղափոխման ցանցերի դեմ անդադար պայքարը շարունակելու, ներգաղթյալների վերադարձը ապահովելու, ԵՄ սահմանները ամրապնդելու, երրորդ երկրների հետ խորը գործընկերություն կառուցելու և կանխատեսումները բարելավելու անհրաժեշտության վերաբերյալ։

․․․ Խորհուրդը ընդգծեց երրորդ երկրների հետ համագործակցության և գործընկերությունների հետագա զարգացման կարևորությունը, որ կստեղծեն հնարավորություններ իրենց հայրենի երկրներում ապրող մարդկանց համար և կամրապնդեն միգրացիայի կառավարումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Factor TV-ն հայտնել էր, որ Իտալիայի առաջարկով կոնկրետ Հայաստանում ապօրինի ներգաղթյալների «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց այսօր ԵՄ ներքին գործերի նախարարների խորհրդի տեսակոնֆերանսին չի քննարկվել։ Իսկ արդյո՞ք ընդհանրապես նման օրակարգ քննարկվում է, Factor TV-ի հարցերին Եվրահանձնաժողովից խոստացան պատասխանել ավելի ուշ։

 

Մինչ այս, իտալական Corriere della Sera լրատվականը հայտնել էր, որ ԵՄ ՆԳ նախարարների այդ առցանց հանդիպմանը քննարկվելու է ապօրինի ներգաղթյալների հարցը, և իտալական կողմը առաջարկելու է «ալբանական տարբերակով» ներգաղթյալների հայրենադարձման կենտրոններ ստեղծել Հայաստանում, աֆրիկյան մի քանի երկրներում՝ Ռուանդա, Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Ուգանդա, Եթովպիա, ինչպես նաև Ուզբեկստանում և Մոնտենեգրոյում։

Արդեն այսօր նույն պարբերականը մեկ այլ հրապարակում է արել, որում այդ երկրների ցանկը կրճատվել է։ Ըստ պարբերականի՝ Իտալիայի ՆԳ նախարարն այդ քննարկմանը ներկայացնելու էր ապօրինի ներգաղթյալների համար դիտարկելու Ռուանդայում, Ուգանդայում և Գանայում ճամբարներ ստեղծելու գաղափարը։

Հայաստանի ԱԳ նախարարի խոսնակը Factor TV-ին արդեն հայտնել էր, որ հայկական կողմի հետ նման քննարկում չի եղել։ Անի Բադալյանն ասել էր, որ իրենց այդպիսի տեղեկություն հայտնի չէ։ Միևնույն ժամանակ, սա առաջին անգամ չէ, որ Հայաստանը հիշատակվում է այսպիսի նախաձեռնության համատեքստում։

Միացյալ Թագավորության նախաձեռնությունը

2024 թվականի ապրիլին նույն կերպ տեղեկություններ էին տարածվել, որ Միացյալ Թագավորությունը դիտարկում է մի քանի երկրներ՝ ՄԹ-ում հայտնված ապօրինի միգրանտներին վերադարձնելու համար։

Բրիտանական Times թերթն էր տարածել տեղեկությունը, թե ՄԹ-ն Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին այդ երկրներ տեղափոխելու վերաբերյալ՝ Ռուանդա արտաքսելու սխեմայի օրինակով։

ՀՀ կառավարության ներկայացուցիչները հերքել էին բրիտանական կողմի հետ նման բանակցությունների մասին պնդումները։

«Հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- նշել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Տեղեկությունը հերքել էր նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը (այժմ՝ ծառայության պետ)։

«Ներքին գործերի նախարարությունը՝ մասնավորապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նման տեսակի բանակցությունների մեջ ներգրավված չէ և չի էլ եղել», – նշել էր Նելլի Դավթյանը։ Պաշտոնյան նաև նշել էր, որ իրենց օրակարգում նման հարց չկա։

Իսկ բրիտանական այդ ծրագիրը ենթադրում էր ապօրինի ներգաղթյալների տեղափոխում այլ երկրներ՝ ընդունող երկրներին վճարելու պայմանով։ Այս ծրագրով նախատեսված էր ապօրինի ներգաղթյալների, փախստականի կարգավիճակի համար դիմած և մերժված անձանց, ինչպես նաև հանցագործությունների համար արտաքսման ենթակա անձանց համար։

Ռուանդայի տարածքում միգրանտների համար կառուցված պահման վայրը (Լուսանկարը՝ Joost Bastmeijer, El PAIS)

2022-2024 թվականներին ՄԹ-ն 715 մլն ֆունտ ստերլինգ է ծախսել իր նախաձեռնած ծրագրի վրա, որով ապօրինի ներգաղթյալները պետք է տեղափոխվեին Ռուանդա, տեղակայվեին պահման վայրերում և վերջնականապես հաստատվեին այդ երկրում բնակվելու։

Միջոցների մի մասը՝ մոտ 290 միլիոն ֆունտ ստերլինգը, ուղղվել էր անմիջապես Ռուանդային՝ որպես զարգացման դրամաշնորհ։ Եվս մոտ 150 մլն ֆունտ ստերլինգ ծախսվել էր Ռուանդայի տարածքում ենթակառուցվածքների պատրաստմանը, պահման վայրերի կահավորմանը, նույն վայրերում ծառայության համար ոստիկանների վերապատրաստմանը և այլն։

Սակայն հետագայում՝ 2024 թվականի հուլիսին, ՄԹ այս ծրագիրը մերժվել էր երկրի բարձրագույն դատարանի կողմից, և, փաստացի, ոչ մի ապօրինի ներգաղթյալ չէր տեղափոխվել Ռուանդա՝ չնայած հսկայական միջոցների ծախսին։ Պատճառներից մեկն էլ եղել էր այն, որ բարձրագույն դատարանը Ռուանդան անվտանգ երկիր չէր համարել։

Հենց բարձրագույն դատարանի որոշումից մոտ երեք ամիս առաջ էլ մամուլում հայտնվել էր ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ու ևս երեք երկիր տեղափոխելու տարբերակը, որը, սակայն, չի իրականացվել։

Իտալիայի նախաձեռնությունը՝ «ալբանական տարբերակը»

Ի տարբերություն բրիտանական նախաձեռնության՝ իտալական նմանատիպ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ալբանիայի հետ համաձայնության արդյունքում։ Այն գործում է 2023 թվականից սկսած։

Այս տարբերակը նախատեսում է, որ նախ միգրանտները չպետք է կարողանան հասնել ԵՄ անդամ Իտալիայի սահմաններին։ Դրա նպատակով իտալական նավատորմը բռնում է փոքր նավակներով Աֆրիկայից Իտալիա տեղափոխվող միգրանտներին և նրանց տեղափոխում է Ալբանիայում տեղակայված ճամբարներ։

Միտքն այն է, որ փախստականի կարգավիճակ հայցողների համար այնտեղ պետք է արագացված ընթացակարգեր գործեն՝ ԵՄ անցում թույլ տալու կամ մերժելու համար։ Ընդ որում՝ այսպիսի տեղափոխման ենթարկվում են միայն աշխատունակ տարիքի տղամարդիկ։ Խոցելի խմբերի ներկայացուցիչները չեն տեղափոխվում այդ ճամբարներ, նրանց հարցերը քննվում են հենց իտալական տարածքում։

Ալբանիայի տարածքում գործող միգրանտների պահման իտալական ճամբարը (Լուսանկարը՝ Florion Goga, REUTERS)

Ալբանիա տեղափոխված միգրանտների համար արագացված կարգով որոշվում է՝ արդյո՞ք նրանք ենթակա են փախստականի կարգավիճակի, թե ոչ։ Ընդ որում՝ այս ճամբարների տարածքում գործում են իտալական օրենքներ, գործում են իտալական դատական ատյանները (հեռավար), և անվտանգությունը նույնպես ապահովվում է իտալացի իրավապահների միջոցով։ Փաստացի, սրանք Իտալիայի էքսկլավներ են Ալբանիայի տարածքում։

Այս տարածքները տրամադրելու դիմաց Ալբանիան ստանում է շատ ավելի քիչ, քան Ռուանդան։ Երկկողմ համաձայնության արդյունքում՝ Իտալիան ապահովում է Ալբանիայի ափերի մոտ անվտանգության ապահովումը, ինչի համար տարեկան ծախսվում է մոտ 16 միլիոն եվրո։ Իսկ առհասարակ ճամբարները պահելու, իրավական գործընթացներն ապահովելու համար Իտալիան ծախսում է տարեկան մոտ 100 մլն եվրո։

Գործնականում Ալբանիայի օգուտը ոչ թե ֆինանսական է, այլ դիվանագիտական։ Երկիրը ձգտում է ԵՄ անդամակցության և ԵՄ համար կարևոր այս հարցի լուծման շնորհիվ կարողանում է դիվանագիտական առավելություններ ստանալ անդամակցության բանակցություններում։

Ավելի վաղ,

Նկարը գեներացվել է AI-ի կողմից

Գարիկ Հարությունյան

Leave a comment