Լեմկինի ինստիտուտն աջակցությունն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

Միացյալ Նահանգներում գործող Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը։

Նախաձեռնությամբ Զոնաբենդը կոչ է անում կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել՝ Բաքվի բանտում պահվող հայերին այցելելու նպատակով։

«Լեմկինի ինստիտուտը դիմում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Միացյալ Թագավորության, ԵՄ և այդ դաշինքի անդամ պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայության միջոցով երաշխավորել տիկին Զոնաբենդի և Բաքու այցելող մյուս կանանց անվտանգությունը»,- նշված է հայտարարության մեջ։

«Իրավապաշտպաններին, ազդեցիկ անհատներին, քաղաքական գործիչներին և միջազգային կազմակերպություններին՝ մասնավորաբար այն կառույցներին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցեղասպանությունների կանխարգելմամբ, կոչ ենք անում միանալ մեզ՝ բանտարկված հայերի կանանց և ընտանիքի անդամների աջակցությանն ուղղված մեր ջանքերում՝ հնարավորություն ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան այցելել Բաքվում գտնվող իրենց հարազատներին»,- նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարի ազատազրկման։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։

 

Leave a comment