«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը։

Նշվում է, որ տեսուչների կողմից անցկացվող վերահսկողության ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:

«Այսպես՝

– արտադրամասի դասավորվածությունը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

– պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

– առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

– չի եղել օդափոխության համակարգ,

– շինությունների որոշ հատվածում կոյուղու համակարգը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,

– սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները, բեռնարկղերը վնասված են եղել՝ հնարավորություն չտալով իրականացնելու դրանց պատշաճ լվացման, մաքրման, ախտահանման աշխատանքներ,

– արտադրամասում պահվել են անձնական իրեր, սննդամթերքի արտադրությունում չօգտագործվող նյութեր և պարագաներ:

«ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հացի ու տորթերի արտադրության արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a comment