Մեզ հաճախ թվում է, թե արվեստը մակերեսային է։ Մենք նստում ենք կինոթատրոնում, ուտում մեր պոպկորնն ու վայելում ենք Քրիստֆեր Նոլանի բարդ, մասշտաբային տեսարանները՝ դրանք ընկալելով որպես զուտ ժամանցային ուղեղի մարզանք։ Բայց հենց սա էլ մեծագույն թակարդն է։
Ինչպես լայն լսարանը տարիներ շարունակ չնկատեց Սիլվեստր Ստալոնեյի Ռեմբոյի հերոսի հետնապատկերում թաքնված խորը, ողբերգական վետերանային տրավման, այնպես էլ Նոլանի ֆիլմերը (և մասնավորապես ժամանակի, տունդարձի ու հիշողության նոլանյան ոգով հյուսված թեմաները) շատերի համար մնում են պարզապես «խելացի պոպկորնային կինո»՝ անտեսելով դրանց հիմքում ընկած հիմնարար ճշմարտությունը։
Այդ ճշմարտության անկյունաքարը հին հունական «Ոդիսևսն» է՝ պատերազմից տուն վերադարձող զինվորի հավերժական արքետիպը։
Ոդիսևսը որպես պատերազմից վերադարձող վետերան
Մենք սովոր ենք Հոմերոսի «Ոդիսականին» որպես հերոսական առասպելի նայել, բայց մոռանում ենք ամենակարևորը. Ոդիսևսը պատերազմից տուն վերադարձող հոգնած, տանջված զինվոր է: Տասը տարի տևած արյունալի տրոյական պատերազմից հետո նա փորձում է գտնել իր ճանապարհը դեպի Իթակա, բայց պարզվում է, որ ամենադժվարը ոչ թե թշնամու դեմ կռվելն է, այլ տուն վերադառնալը և խաղաղությանը հարմարվելը:
Կինեմատոգրաֆիայում (և հատկապես Նոլանի փիլիսոփայությանը հարազատ մոտեցումներում) այս ոդիսականը վերածվում է ներքին ճգնաժամի մետաֆորի։ Զինվորը վերադառնում է ֆիզիկապես, բայց նրա միտքը, հիշողությունն ու զգայարանները դեռ մնում են մարտի դաշտում։
● Նա տեսել է այնպիսի բաներ, որոնք հնարավոր չէ ջնջել կամ պատմել խաղաղ բնակչությանը։
● Նրա ճանապարհը լի է «սարսափելի հրեշներով», որոնք արդեն դրսում չեն, այլ նրա սեփական գլխի մեջ՝ որպես հետպատերազմական սթրեսի, մղձավանջների և մեկուսացման հետևանք:
Մակերեսային հայացք և իրական ցավ
Ինչպես լայն լսարանը Ռեմբոյին նայեց որպես պարզունակ մարտիկի, իսկ Նոլանի ժամանակային խաղերին՝ որպես զուտ տեխնիկական զվարճանքի, այնպես էլ մենք հասարակությամբ մակերեսորեն ենք նայում մեր զինվորների վերադարձին։ Մենք կարծում ենք, թե զինվորական համազգեստը հանելով՝ մարդն ակնթարթորեն դառնում է նախկինը։
Մենք պարզապես մոռացել ենք այդ մարդկանց։
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, օրինակ Ազգային ժողովում, պատերազմից վերադարձած զինվորի համար նույնն է, ինչ Ոդիսևսի համար՝ Իթակայում տեղի ունեցողը։ Մինչ նրանք ամեն օր իրենց սեփական հոգում պայքարում են անտեսանելի ստվերների դեմ, խորհրդարանական ամբիոններից ու հասարակական տիրույթում հնչողը բացարձակ օտար է։ Այդ աշխարհում մարդիկ զբաղված են աղմկոտ դատարկաբանությամբ, մինչդեռ պատերազմից վերադարձած մեր տղաները՝ յուրաքանչյուրն իր Իթակայում, ամեն մեկն իր Կիկլոպն ու Սերենաներն ունի (հիշողությունների, ցավի, անհասկացվածության ու միայնության կերպարանքով)… և մինչ նրանք լռելյայն պայքարում են այդ հրեշների դեմ, մենք հանրային եթերում խոսում ենք օրինակ Ծառուկյանի առյուծների մասին։
Ո՞ւր է մեր հայելին
Այս ողբերգական անդունդը գրականության մեջ հազվադեպ է ստանում արժանի արձագանք։ Վերջին տարիների հայաստանյան իրականության մեջ կարծես թե միայն Սյունե Սևադայի «Արիության մետաղ» գիրքն է, որ փորձում մի քիչ հիշեցնել և արձագանքել պատերազմից վերադարձած մեր տղաներին։
Մնացած ամեն ինչում մենք շարունակում ենք մնալ «պոպկորն ուտող հասարակություն», որը չի ուզում նկատել, որ իր կողքին ընթանում է իրական, չավարտված պատերազմ՝ ուղղված ոչ թե թշնամու, այլ սեփական անհասկացվածության ու մոռացության դեմ:
Բարձրարժեք արվեստը մակերեսային չէ, այն մեր կնճիռները ցույց տվող հայելին է, որին նայելիս ամենավերջին բանը որ պետք է անել, պոպկորն ուտելն է։