Վալերիյ Օսիպյանի գործով հայցի հիմքը եւ առարկան փոխվել է
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գործով դատախազությունը փոփոխել է հայցի հիմքը եւ առարկան։
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, դատախազությունը որոշել է փոխել հայցի հիմքը, քանի որ պետք է բռնագանձել նաեւ ոստիկանությունից նվիրատվություն ստացած Ծաղկաձորում գտնվող բնակարանը։ Վալերիյ Օսիպյանի ներկայացուցիչը չի առարկել դատարանում ներկայացված միջնորդության դեմ։
Դատավոր Կարապետ Բադալյանը Վալերիյ Օսիպյանին, ինչպես նաեւ նրա կնոջը տրամադրել է ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար։ Եւս մեկ դատական նիստ է նշանակվել սեպտեմբերի 23-ին։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2026 թ մարտ ամսին պահանջ էր ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում (անշարժ գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 125 միլիոն 580 հազար դրամ է). 1 շարժական գույք. 48 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել: