Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ տեխնոլոգիաների ոլորտն արդեն երկար ժամանակ Հայաստանում զարգացումներ է ունենում։

«Բայց պիտի ասեմ նաև, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ առնչվելու հնարավորություն ունենք։ Իհարկե, մեծ աշխատանք է արված, Հայաստանում հիմա արդեն գործում է ենթակառուցվածք, որն ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի»,- ասել է վարչապետը։

Նա հիշատակել է Երևանի պետական համալսարանի սուպերհամակարգչային կենտրոնը, «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարանը, Firebird ընկերության կողմից օրերս գործարկվելիք արհեստական բանականություն գործարանը։

«Մենք պետք է նաև ուշադիր և հաղորդակից լինենք այն գլոբալ բանավեճերին, որոնք տեղի են ունենում տեխնոլոգիաների առնչությամբ, այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեխնոլոգիաների ներդրումը ոչ թե պակասեցնի մարդկանց աշխատելու և վաստակելու հնարավորությունը, այլ հակառակը՝ հնարավորինս ավելի հեշտ և արդյունավետ դարձնի այն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ գործադիրը բավականին հագեցած օրակարգ ունի տեխնոլոգիաների ոլորտում։

«Այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և տևական խնդիրներ, որոնք կառավարման, պլանավորման և որոշումներ կայացնելու անհրաժեշտություն են առաջացնում, բայց սա առաջիկա աշխատանքային օրակարգ է, որին կանդրադառնանք Կառավարության ծրագրի նախագծի քննարկման և ընդունման համատեքստում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահելու համար  և հավելել, որ դա ընկալել է որպես բացառիկ հնարավորություն՝ ծառայելու պետությանը։ Նախկին նախարարը համոզմունք է հայտնել, որ Դավիթ Թադևոսյանը նախարարի պաշտոնում հաջողելու է՝ հաշվի առնելով  գիտելիքներն ու փորձը, և հայտնել իր աջակցությունն այդ գործում։

Իր հերթին, նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանը շնորհակալություն է   հայտնել վարչապետին վստահության և տրված հնարավորության համար։

«Ես այս պաշտոնը ստանձնում եմ՝ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Փորձելու եմ կիրառել մաքսիմալ ջանքերը՝  հպարտությամբ և լիարժեք կատարված աշխատանքի զգացումով այս պաշտոնը հաջորդ նախարարին թողնելու համար»,– ասել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a comment