Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից, Որ հանձնաժողովներն ում կհասնեն. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում բուռն քննարկումներ են, թե Ազգային ժողովի որ մշտական հանձնաժողովների նախագահությունն է պետք առաջնահերթությամբ ստանձնել, որ ռազմավարական եւ առանցքային հանձնաժողովները չթողնել ընդդիմադիրներին։

Բանն այն է, որ Դոնթի բանաձեւով՝ եթե խորհրդարանում ձեւավորվում է առավելագույն քանակի՝ 12 հանձնաժողով, ինչպես նախորդում, ապա երեք հանձնաժողովի նախագահությունն անցնելու է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, մեկը՝ «Հայաստան» դաշինքին։ Իսկ հանձնաժողովները խմբակցությունների միջեւ բաշխվելու են հետեւյալ ընթացակարգով՝ առաջինը ՔՊ-ն է երկու հանձնաժողով ընտրելու, հետո «ուժեղները»՝ մեկ, հետո նորից երկու՝ ՔՊ-ն, մեկը՝ «ուժեղները», իսկ վերջինն անցնելու է «Հայաստան» դաշինքին, որը, ի դեպ, որոշում ունի հրաժարվել նախագահությունից, այդ դեպքում տվյալ հանձնաժողովն էլ կղեկավարի ՔՊ-ն։

Մեր տեղեկություններով, մի քանի օր է՝ ՔՊ-ում բուռն քննարկումներ են՝ առաջին հերթին որ երկու հանձնաժողովը վերցնել՝ պետաիրավականն ու արտաքին հարաբերությունների հանձնաժողո՞վը, թե՞ վերջինի փոխարեն՝ պաշտպանության հանձնաժողովը։ Բանն այն է, որ երկուսն էլ առանցքային նշանակության հանձնաժողովներ են, ՔՊ-ն հատկապես չի ուզում արտաքինը զիջել ընդդիմությանը, քանի որ այս հանձնաժողովն է փաստացի իրականացնում խորհրդարանական դիվանագիտությունը, ընդունում օտարերկրյա գործընկերներին, մի բան, որ ընդդիմադիրներին օդուջրի պես է հարկավոր։ Որ եվրոպական գործընկերների հետ կապերը վերականգնեն, տեղեկատվություն փոխանցեն, թե ինչ է կատարվում մեր երկրում, եւ փորձեն Փաշինյանի եվրոպական աջակցությունը փոքր-ինչ նվազեցնել։

Մյուս կողմից՝ պաշտպանության հանձնաժողովն էլ իշխանությունը չի ուզում կորցնել։ ՔՊ-ի հույսն այն է, որ «ուժեղները» տնտեսությունը կգերադասեն պաշտպանությունից եւ կվերցնեն ոչ թե պաշտպանության, այլ տնտեսական հարցերի հանձնաժողովը, եւ իրենք երկրորդ փուլում կվերցնեն պաշտպանականը։ «Ուժեղները» մեզ վստահեցրին, որ դեռ չեն կողմնորոշվել հանձնաժողովների հարցում՝ ըստ իրավիճակի որոշում կկայացնեն։ Վստահեցրին նաեւ, որ հանձնաժողովների նախագահացուներին էլ չեն որոշել՝ կորոշեն այն ժամանակ, երբ հայտնի դառնա, թե որ հանձնաժողովների նախագահությունն են ստանձնելու։ Փորձ չունեն, բայց ստել ու լրագրողների հարցերից խուսանավել, փաստորեն, արդեն լավ կարողանում են։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը կարծես դժվարությամբ է հաշտվում ինչպես պաշտոնազրկման, այնպես էլ թիմից աստիճանաբար առանձնացվելու հանգամանքի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, մինչ արձակուրդ մեկնելը Սիմոնյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել իրեն աշխատանքի տեղավորել կառավարությունում։ Ըստ այդմ, նա ցանկություն է հայտնել նշանակվել փոխվարչապետ կամ Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում, Հայաստանի դեսպան։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարության մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժել է այդ առաջարկները և Ալեն Սիմոնյանին հորդորել է գնալ արձակուրդ ու հանգստանալ։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հուլիսի կեսից գտնվում է արտերկրում և մինչ օրս չի վերադարձել Հայաստան։ Գուցե Սիմոնյանը հույս ունի, որ օգոստոսի կեսերին Հայաստան վերադառնալուց հետո կկարողանա վարչապետից որևէ պաշտոնական առաջարկ ստանալ։ Սակայն կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհ է Ալեն Սիմոնյանի վերջին շրջանի վարքագծից և նրա հետ կապված մի շարք դրվագներից, ինչի հետևանքով մոտ ապագայում նրան որևէ պաշտոն նշանակելու հարց օրակարգում չկա։

Leave a comment