Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին

Քաղաքականություն

03.08.2026 | 18:26

Թուրքիայում Հայաստանի սահմանին արագ տեմպերով շարունակվում են երկաթուղու սպասարկման, վերանորոգման և վերակառուցման աշխատանքները: Աքյաքայի շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը, նահանգային գլխավոր ժողովի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ միասին, այցելել է շինհրապարակ և անձամբ հետևել ընթացիկ աշխատանքներին, գրում են տեղական լրատվամիջոցները։

Դեմիրթաշն ու Արսլանը շինհրապարակում գտնվող պաշտոնյաներից մանրամասն տեղեկություններ են ստացել աշխատանքների ներկայիս վիճակի, իրականացվող տեխնիկական գործընթացների և նախատեսված աշխատանքային ժամանակացույցի վերաբերյալ: Ստուգումների ընթացքում գնահատվել են երկաթուղային գիծն ավելի անվտանգ դարձնելու համար ռելսերի թարմացման, ենթակառուցվածքների ամրապնդման, ինչպես նաև սպասարկման և վերանորոգման աշխատանքների իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Նշվում է, որ Հայաստանի սահմանին գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային գծում իրականացվող աշխատանքների ավարտը նպատակ ունի արդիականացնել և առավել դիմացկուն դարձնել գծի ենթակառուցվածքը, բարձրացնել երթևեկության անվտանգությունը և հետագայում էական նպաստ բերել երկաթուղային փոխադրումների զարգացմանը։

Պաշտոնյաների այցն ավարտվել է շինհրապարակում իրականացվող աշխատանքները տեղում ուսումնասիրելուց և տեխնիկական խմբերի հետ անցկացված գնահատումներից հետո։

Նշվել է, որ սպասարկման, վերանորոգման և վերականգնման աշխատանքների ավարտից հետո երկաթուղային գիծը կլինի ավելի անվտանգ, ավելի արդյունավետ և արդիականացված՝ երկար տարիներ ծառայելու նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment