Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու

Իրանը երկուշաբթի մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու։ Այս մասին  հայտնել է դատական ​​համակարգը։ Սա լրտեսության մեղադրանքով կախաղան հանելու վերջին դեպքն է, գրում է Al Arabiya-ն։

Փետրվարին Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ պատերազմի սկսվելուց ի վեր Թեհրանն ակտիվացրել է մահապատիժները։ Կալանավորվածներից շատերը մեղադրվում են Իսրայելի հետախուզության օգտին լրտեսության մեջ։

«Օմիդ Բեհզադը և Պուրիա Սաֆվաթն այսօր առավոտյան կախաղան են բարձրացվել՝ «Մոսադի» գործակալներին զգայուն ռազմական և անվտանգության վայրերի կոորդինատները փոխանցելու համար»,- հայտնել է Իրանի դատական ​​համակարգի «Միզան» լրատվամիջոցը։

Չի նշվում, թե տղամարդիկ երբ են ձերբակալվել կամ երբ է տեղի ունեցել նրանց գործով դատական նիստը։ Հայտարարվում է միայն, որ նրանք դատապարտվել են «լրտեսության և սիոնիստական ​​ռեժիմի հետ համագործակցության» համար։

«Նրանք օգնել են հետախուզական ծառայություններին հասնել իրենց նպատակներին՝ նրանց տրամադրելով տեղեկատվություն պատերազմի ընթացքում ռազմական և անվտանգության կենտրոնների մասին»,- հավելել է լրատվամիջոցը։

Իրանում մահապատիժների թիվն աճել է պատերազմի սկզբից ի վեր, որը սկսվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-Իսրայելի զանգվածային հարվածներով, որոնց հետևանքով սպանվել է Իրանի գերագույն  հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

Իրավապաշտպան խմբերի, այդ թվում՝ Amnesty International-ի տվյալներով՝ Իրանն աշխարհում երկրորդ ամենաշատ մահապատիժներ կիրառող երկիրն է՝ Չինաստանից հետո։

Նորվեգիայում գործող Iran Human Rights ոչ կառավարական կազմակերպության և Փարիզի «Միասին մահապատժի դեմ» (ECPM) կազմակերպության տվյալներով՝ Իրանի իշխանություններն անցյալ տարի մահապատժի են ենթարկել առնվազն 1639 մարդու, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1989 թվականից ի վեր։

Ավելի վաղ Amnesty-ն դատապարտել էր մահապատիժների թվի ավելացումն այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել էր ձմռանը կառավարության դեմ բողոքի ցույցերին մասնակցելու մեջ մեղավոր ճանաչված երկու տղամարդկանց կախաղան բարձրացնելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment