Ռուս-ուկրաինական պատերազմի գոտում իրավիճակը շարունակում է կտրուկ սրվել։
Երեկ գիշերը կողմերը փոխադարձ զանգվածային օդային հարվածներ են իրականացրել, իսկ նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններում արձանագրվել է ավելի քան 240 մարտական բախում։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կիևին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան այժմ կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքային շրջաններին՝ հավելելով․ «Այս զարգացումների և Ռուսաստանում հավանական մոբիլիզացիայի շուրջ քննարկումների ֆոնին կրկին ակտիվացել են նաև Հայաստան հնարավոր ներհոսքի վերաբերյալ կանխատեսումները»։
Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի հետ։ Նրա խոսքով՝ տարածվող այն պատկերացումը, թե Ուկրաինան ինքնուրույն պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, իրականությանը չի համապատասխանում։
«Նախ՝ Միացյալ Նահանգները կեղծ թեզ են շրջանառում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, թե կա Ուկրաինա սուբյեկտ, որը կատաղի պայքար է մղում Ռուսաստանի դեմ։ Մինչդեռ նույնիսկ Դոնալդ Թրամփն է հայտարարել, որ եթե ԱՄՆ-ի աջակցությունը չլինի, Ուկրաինան չի դիմանա նույնիսկ երկու օր իսկ Ռուսաստանի կարծիքով՝ խոսքը մի քանի շաբաթվա մասին է։ Սա նշանակում է, որ իրականում ռուս-ուկրաինական պատերազմ գոյություն չունի, այլ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հակամարտություն է, որտեղ հարվածները հասցվում են Ուկրաինայի տարածքից»,- ասաց Հայկ Այվազյանը։
Նրա գնահատմամբ՝ Արևմուտքի անհանգստության պատճառներից մեկը նաև Ռուսաստանի ներքաղաքական զարգացումներն են։
«Սեպտեմբերին Ռուսաստանում նախատեսված են Պետդումայի ընտրություններ, արդեն այժմ խոսվում է, որ շուրջ 500 զինվորականներ իշխող ուժի ցուցակներով մտնելու են խորհրդարան։ Դրանից հետո նրանք աստիճանաբար ներգրավվելու են իշխանության տարբեր օղակներում, և հենց այս գործընթացն է, որ անհանգստացնում է Արևմուտքին»,- նշեց նա։
Անդրադառնալով հրադադարի և բանակցային գործընթացի հնարավորությանը՝ Այվազյանը համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում նման զարգացում չի կանխատեսվում։
«Հրադադար չի լինելու, որովհետև Ռուսաստանի համար դա կնշանակի պարտության գործընթացի սկիզբ։ Ռուսաստանը շարունակելու է պատերազմն այնքան ժամանակ, մինչև կարողանա ուժի լեզվով ստիպել Միացյալ Նահանգներին դադարեցնել Ուկրաինայի ռազմական մատակարարումները։ Ռուսաստանի հաշվարկներով՝ դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի ամբողջությամբ վերացնել Ուկրաինան»,- ասաց նա։
Խոսելով Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հավանականության մասին՝ Այվազյանը կարծիք հայտնեց, որ նման անհրաժեշտություն այս պահին չկա, հետևաբար նաև 2022 թվականի նման արտագաղթի նոր ալիք չի սպասվում։
«Մոբիլիզացիա չի լինելու։ Նախորդ մոբիլիզացիան շատ հստակ նպատակ ուներ՝ փակել ռազմաճակատի այն հատվածները, որտեղ ճեղքեր էին առաջացել։ Այդ խնդիրը լուծվել է, և այժմ նոր մոբիլիզացիայի կարիք չկա, քանի որ Ռուսաստանը լայնածավալ ցամաքային հարձակում չի ծրագրում։ Իմ գնահատմամբ՝ Ռուսաստանը կստիպի ԱՄՆ-ին հետքայլ անել, և այդ պայմաններում ռուսական ուժերը կմտնեն Կիև»,- եզրափակեց Հայկ Այվազյանը։
Ալիտա Եղիազարյան