Գերմանական ավտոարդյունաբերության երեք առաջատար ընկերությունները՝ Audi-ն, BMW-ն և Mercedes-Benz-ն ամփոփել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ «Գերմանական մեծ եռյակի» ֆինանսական և գործառնական ցուցանիշները զգալիորեն վատթարացել են գրեթե բոլոր հիմնական ուղղություններով։
Բացասական միտումների հիմնական պատճառներն են եղել Չինաստանի շուկայում պահանջարկի նվազումը և ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր ներմուծման մաքսատուրքերը։
2026 թվականի առաջին վեց ամիսներին Audi-ն վաճառել է 727.2 հազար ավտոմեքենա, ինչը 7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Եվրոպայում ընկերությունը գրանցել է աճ՝ վաճառքները 345.2 հազարից հասնելով 363.5 հազար միավորի, ինչը մասամբ փոխհատուցել է անկումը երկու հիմնական շուկաներում։
Չինաստանում վաճառքները նվազել են 287.6 հազարից մինչև 232.2 հազար ավտոմեքենա, իսկ ԱՄՆ-ում՝ 98.7 հազարից մինչև 82.2 հազար։
Եվրոպայի ներսում դրական դինամիկա է պահպանվել․ Գերմանիայում վաճառքներն աճել են 4%-ով, իսկ Իսպանիայում՝ 21%-ով։
Միաժամանակ ընկերության համաշխարհային հասույթը կրճատվել է 32.6 միլիարդ եվրոյից մինչև 29.2 միլիարդ եվրո, իսկ հարկումից հետո զուտ շահույթը՝ 1.35 միլիարդից մինչև 1.12 միլիարդ եվրո։
BMW-ն հաճախորդներին մատակարարել է 1 միլիոն ավտոմեքենա՝ նախորդ տարվա 1.07 միլիոնի դիմաց։
Եթե հաշվի առնենք ամբողջ BMW Group-ը, որը ներառում է նաև Mini և Rolls-Royce բրենդները, ապա ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաների մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում նվազել է 18.3%-ից մինչև 17.7%։
2026 թվականի առաջին երկու եռամսյակներում կոնցեռնի հասույթը կազմել է 54.3 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա 58.7 միլիարդ եվրոյի դիմաց։
Զուտ շահույթն ավելի զգալի անկում է գրանցել՝ 4.02 միլիարդ եվրոյից նվազելով մինչև 2.87 միլիարդ եվրո։
Mercedes-Benz-ը հունվարից հունիս վաճառել է 837 200 ավտոմեքենա, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 900 հազար։
Եվրոպայում վաճառքները հասել են 325 հազար ավտոմեքենայի՝ աճելով 5%-ով։
Հյուսիսային Ամերիկայում աճն ավելի զգալի է եղել․ վաճառվել է 181 հազար մեքենա, ինչը 15%-ով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը։
Սակայն Չինաստանի շուկայում իրավիճակը կտրուկ վատթարացել է․ վաճառքները նվազել են գրեթե մեկ երրորդով՝ կազմելով 210 200 ավտոմեքենա, ինչը 28% անկում է։
Mercedes-Benz-ի զուտ շահույթը նվազել է 2.69 միլիարդ եվրոյից մինչև 2.52 միլիարդ եվրո։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։