Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, քաղաքացին արդեն որերորդ անգամ քվեարկում է հանուն Իրական Հայաստանի, բայց դուք դեռ դեգերում եք պատմական Հայաստանում: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 3-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը:
«Քաղաքացին մերժել է սա, և եթե տվյալ դեպքում «Ուժեղ Հայաստանը» շարունակի այդ տրամաբանության մեջ զարգանալ, արժանանալու է մյուս գործընկերների ճակատագրին, երբ գրեթե 60-70 տոկոսով նրանց խմբակցությունը կրճատվեց, և հաջորդիվ ընդհանրապես այստեղ չեն լինի»,- ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ անգամ վերընտրվելուն, չնայած այն հանգամանքին, որ նա պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ դրա համար, Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Սերժ Սարգսյանը Սահմանադրություն էր փոխել՝ երրորդ անգամ դառնալու վարչապետ, երկրի ղեկավար, և այն օրենքների ու օրենսդրության սահմաններում, որ տեղի են ունենում ընտրություններ, դրանք գործում են քաղաքակիրթ շատ երկրներում: Մերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ մենք ունենք:
Այստեղ շատ հաճախ իրողությունների նենգափոխում է տեղի ունենում, և սա վատ է, քանի որ ապակողմնորոշում եք մեր ժողովրդին»: