Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան հարձակվել են Վլադիմիրի մարզի Wildberries  մարկետփլեյսի լոգիստիկ կենտրոնի վրա։ Այս մասին հայտնել է ընկերությունը, գրում է Meduza-ն։

Լոգիստիկ կենտրոնում հրդեհ է բռնկվել, աշխատակիցները տարհանվել են։ Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել։

Վլադիմիրի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը նշել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սոբինսկի շրջանում գտնվող պահեստի վրա:

«Կան փլուզումներ  և հրդեհ», – հավելել է նա:

Նրա խոսքով՝ պահեստի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Եվս մեկ տուժած պահեստի մոտակայքում գտնվող բնակավայրի բնակիչ է եղել։

Խոսքը Wildberries-ի «Վլադիմիր-Վորշինսկոյե» լոգիստիկ կենտրոնի մասին է, որը գտնվում է Վլադիմիրի մարզի Խրյաստովո գյուղի մոտ, հաղորդում են ուկրաինական մոնիթորինգի ալիքները՝ հղում անելով ականատեսների տեսանյութերին։

Բացի այդ, գիշերը անօդաչուները հարվածել են Բելգորոդի պետական ​​տեխնոլոգիական համալսարանի մասնաշենքին, որտեղ մշակվում և փորձարկվում են անօդաչու սարքեր։ Լրատվամիջոցները հայտնում են, որ շենքն ամբողջությամբ հրդեհվել է։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի լույս 3-ի գիշերը Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի ու Սև ծովի վրա խոցվել է ուկրաինական 131 ԱԹՍ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment