Խոշոր վթար Կոտայքի մարզում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն կողաշրջվել է, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գառնի-Արարատի մարզ տանող  ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում, բախվել են «Mercedes G» («Յաշիկ») և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Յաշիկն» էլ կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ Գառնու ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ սկզբից տեղափոխելով 4 քաղաքացու։ Որոշ ժամանակ անց մեկ հոգի նույնպես բժշկական օգնության կարիք է ունեցել, ինչի համար Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները լրացուցիչ շտապօգնություն են պահանջել, և օպերատիվորեն ժամանած Գառնու ամբուլատոր կենտրոնի բժիշկները 5-րդ վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ «Mercedes G»-ն մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության, երբ «Nissan»-ի հետ տեղի է ունեցել բախումը։

Leave a comment