Ամռանը, բարձր ջերմաստիճանի պայմաններում արձանագրված թունավորումների հաճախականությամբ պայմանավորված, հերթական անգամ ՍԱՏՄ-ն հորդորում է հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին, հատկապես մեծ միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, խնջույքներ և այլ զանգվածային հավաքներ կազմակերպողներին, առավելագույն ուշադրություն դարձնել սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին։
«Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն ուտեստներին, որոնք պարունակում են մայոնեզ, թթվասեր, սերուցք կամ այլ արագ փչացող բաղադրիչներ։ Նման բաղադրիչներ պարունակող աղցաններն ու սառը ուտեստները երկար ժամանակ սեղաններին թողնելը վտանգավոր է, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում դրանք կարող են շատ արագ դառնալ բակտերիաների զարգացման աղբյուր։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս սնունդը մատուցել միայն անհրաժեշտ պահին, իսկ մինչ այդ պահել սառնարանային պայմաններում և հնարավորինս արագ փոխարինել կամ հեռացնել, եթե երկար ժամանակ մնացել է բաց միջավայրում։
Այս պարզ, բայց կարևոր կանոնների պահպանումը կարող է կանխել սննդային թունավորումների բազմաթիվ դեպքեր և ապահովել մարդկանց առողջությունն ու անվտանգությունը։
Շոգ օրերին զգոնությունը պետք է լինի բոլորիս առաջնահերթությունը, իսկ սննդի անվտանգությունը պահպանելը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Դիտումների քանակ27