Վենսի այցը և «կոլխոզային» հակաքարոզը

Վենսի այցը և «կոլխոզային» հակաքարոզը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի շուրջ բարձրացված աղմուկը այլևս պարզապես քաղաքական տարակարծություն չէ․ սա համակարգված, հրահանգավորված հակաքարոզ է՝ մի կենտրոնից սնվող, նույն բառապաշարով, նույն նարատիվներով, նույն ցածրորակ հնարքներով։ Եվ որքան ավելի են փորձում «ստվեր գցել» այցի վրա, այնքան ավելի ակնհայտ է դառնում՝ ինչքան վախեցած ու խեղճ վիճակում են հայտնվել այդ շրջանակները։

Նրանց խնդիրը Վենսը չէ։ Նրանց խնդիրը այն է, որ Հայաստանը դուրս է գալիս իրենց վերահսկող պատկերացումներից։ Խնդիրը այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում հայտնվում են այլ անուններ, այլ կենտրոններ, այլ հնարավորություններ։ Եվ հենց այստեղ է սկսվում հիստերիան։

Ինչպես միշտ՝ գործի են դրվում հին, մաշված գործիքները․ «ոչինչ չի տա», «ձևական է», «վտանգավոր է», «մեզ նորից օգտագործում են»։ Նույն նախադասությունները, նույն տոնայնությունը, նույն կոլխոզային վախեցնող քարոզը, որը տարիներով օգտագործվել է ցանկացած այլընտրանքի դեմ։ Նույնիսկ նոր բան հորինելու ջանք չեն գործադրում․ կրկնօրինակում են իրենք իրենց։

Զավեշտն այն է, որ այս հակաքարոզն արվում է այնպիսի էժան ու անգրագետ ձևով, որ ակամա հարց է առաջանում՝ սա լուրջ քաղաքական պայքա՞ր է, թե՞ նեղացած մարդու պահվածք։ 

Երբ չունես փաստ, չունես տրամաբանություն, չունես տեսլական, մնում է միայն կեղտոտել, ծաղրել, նսեմացնել։ Սա այդ շրջանակների իրական չափանիշը։

Իրականում այս ամբողջ աղմուկը մեկ բան է ապացուցում․ Վենսի այցը ցավոտ է եղել նրանց համար։ Ցավոտ, որովհետև խախտել է «մեկ կենտրոն, մեկ տեր, մեկ ուղի» պատկերացումը։ Ցավոտ, որովհետև ցույց է տվել՝ Հայաստանը կարող է խոսել, ընդունել, բանակցել նաև առանց այդ կենտրոնի թույլտվության։

Եվ որքան էլ փորձեն խեղաթյուրել, նսեմացնել կամ ծաղրել այդ այցը, մի բան անշրջելի է․ Հայաստանի արտաքին քաղաքականության դաշտում շարժ է սկսվել։ Իսկ կոլխոզային հակաքարոզը միշտ էլ վերջին ճիչն է այն համակարգերի, որոնք զգում են՝ խաղը փոխվում է, բայց իրենք խաղի մեջ այլևս տեղ չունեն։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Leave a comment