Բողոքի ալիքից հետո «Marriott»-ը չեղարկել է դեպի Շուշի և Ստեփանակերտ տուրերը

Բաժանորդագրվել

Նոր երթուղու գովազդում որևէ խոսք չկար Արցախի հայկական անցյալի, Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման, ոչնչացվող հայկական ժառանգության մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Համաշխարհային «Marriott Bonvoy» ցանցը բողոքի ալիքից հետո չեղարկել է դեպի Շուշի և Ստեփանակերտ տուրերը։

Ցանցը օրերս 14-ժամ տևողությամբ զբոսաշրջային փաթեթ էր գովազդում դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի և Ստեփանակերտ։

Հայ դատի հանձնախմբի և գործընկեր կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում ընկերությունը չեղարկել է առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։

Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), զբոսաշրջային փաթեթի նկարագրության մեջ ոչ մի խոսք չկար Արցախի հայկական պատմության, բռնազավթման, իրականացված էթնիկ զտման և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Ավելին, գովազդային առաջարկում Ստեփանակերտն ու Շուշին նշված էին ադրբեջանական անուններով։ Զբոսաշրջային նոր երթուղու մասին հուլիսի 27-ին հայտնել էր Հայկական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնը (CARA), որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել։ Շուրջ 5 օր շարունակված ճնշման արդյունքում «Marriott Bonvoy» ցանցը ստիպված է եղել չեղարկել տուրը։

«Այս հաղթանակը հիշեցնում է մեկ կարևոր ճշմարտություն` երբ պայքարը հետևողական է և միասնական, նույնիսկ աշխարհի խոշորագույն կորպորացիաները ստիպված են հաշվի նստել ճշմարտության և արդարության հետ։ Արցախը զբոսաշրջային «ատրակցիոն» չէ։ Այն բռնազավթված հայրենիք է, որի ժողովուրդը սպասում է արդարության և վերադարձի»,- նշված է Արցախի զբոսաշրջության և տուրիզմի զարգացման գործակալության տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ գործակալությունը, քննադատելով համաշխարհային ցանցի զբոսաշրջային առաջարկը, գրել էր, որ միջազգային ընկերությունները պարտավոր են գիտակցել իրենց պատասխանատվությունը։ Բիզնեսը չպետք է դառնա բռնի տեղահանության և միջազգային իրավունքի խախտումների հետևանքների օրինականացման ուղղակի կամ անուղղակի գործիք։

Leave a comment