Քաղաքականություն
02.08.2026 | 12:40
Ազգային ժողովի նիստի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին տարիների ձեռքբերումներն ու չիրագործված պայմանավորվածությունները։
Ռուբինյանը որպես գործընթացի արդյունք մատնանշել է Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթների վերականգնումը և ավիաբեռնափոխադրումների մեկնարկը։ Նա նաև տեղեկացրել է, որ մոտ երկու ամիս առաջ թուրքական կողմը վերացրել է ուղիղ առևտրի արգելքը, ինչը հնարավորություն է տալիս ապրանքների ներկրումն ու արտահանումը ձևակերպել առանց Վրաստանի միջնորդության։ Ամենակարևոր զարգացումներից մեկը Ռուբինյանը համարել է Ախալքալակ-Կարս երկաթգծից օգտվելու հնարավորությունը, որը հայ տնտեսվարողների համար ճանապարհ է բացում դեպի Եվրամիության և Սիրիայի շուկաներ։ Ավելին, նա հայտնել է, որ Թուրքիան արդեն սկսել է վերականգնողական աշխատանքները Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածում՝ մինչև Հայաստանի սահման։
Չնայած թվարկված ձեռքբերումներին՝ Ագնեսա Խամոյանը շեշտել է, որ գլխավոր հարցը՝ սահմանի բացումը, մնում է չլուծված։ Պատգամավորը հիշեցրել է 2022-ի անոնսը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ, որն այդպես էլ իրականություն չի դարձել։
Ռուբինյանը պարզաբանել է, որ հայկական կողմի ենթակառուցվածքները վաղուց պատրաստ են, իսկ թուրքական կողմը վերջերս է ավարտել իր հատվածի վերանորոգումը։
«Մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը»,- հավելել է հատուկ ներկայացուցիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։