Երևանում այսօր՝ օգոստոսի 2-ին, իր աշխատանքն է սկսել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Երևանում այսօր՝ օգոստոսի 2-ին, իր աշխատանքն է սկսել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
Ովքեր են անցել խորհրդարան
Խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 պատգամավորական մանդատ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 12:
Ով է վարում առաջին նիստը
Հայաստանի Սահմանադրության և Ազգային ժողովի Կանոնակարգի համաձայն՝ մինչև խորհրդարանի նախագահի և փոխնախագահների ընտրվելը նոր գումարման առաջին նիստը վարում է տարիքով ավագ պատգամավորը: Նիստը կբացի և կվարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ազգային փոքրամասնությունների քվոտայով ընտրված, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի մասնակցի
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի մասնակցի 9–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին: Ինչպես ավելի վաղ հայտնել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին պաշտոնական հրավեր չի ուղարկվել: Նման իրավիճակ ստեղծվել է առաջին անգամ երկրի անկախության շրջանում. նախկինում Ծայրագույն Պատրիարքն ավանդաբար ներկա էր լինում նոր գումարման խորհրդարանի առաջին նիստին և պատգամավորներին հղում հայրապետական օրհնության խոսք:
Կանոնակարգը
Նոր գումարման խորհրդարանի աշխատանքի եկնարկի հետ կապված՝ Հայաստանի կառավարությունը կիրակի օրը հրաժարական կտա:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ առաջին նստաշրջանի ընթացքում պատգամավորները պետք է ընտրեն խորհրդարանի նախագահին (խոսնակին) և նրա երեք տեղակալներին, որոշում կայացնեն մշտական հանձնաժողովների ստեղծման մասին, որից հետո կընտրվեն դրանց նախագահները:
Այս ընթացակարգերի ավարտից հետո խորհրդարանը կանցնի մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացրած վարչապետի ընտրության հարցի քննարկմանը: Նրա ընտրվելուց հետո կձևավորվի նոր կառավարություն, որը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի իր գործունեության ծրագիրը: