«Կան որոշումներ, որոնք իրենց բնույթով անձնական կամ կադրային լինելուց ավելի խորքային են։ Դրանք հետեւանքային են ու ուղերձ են սահմանվող «արժեքների» վերաբերյալ, արժեքներ, որոնք պետությունը, այս դեպքում՝ ԵՊՀ-ն պատրաստ է պաշտպանել կամ զոհաբերել։
Գագիկ Ղազինյանի հեռացումը մեր հարազատ բուհից նմանաբնույթ որոշում է՝ հակաիրավական, քաղաքական, քինախնդիր, մանրոգի, հակադրումն այն արժեքների, որոնք մենք ստացել ենք եւ, ընդհանրապես, ուսանողը պետք է ստանա բուհում։
Ընկեր Ղազինյանն այն մարդն է, ով կրթել է իրավաբանների սերունդների՝ սովորեցնելով մտածել՝ նախքան խոսելը, հարգել իրավունքը՝ իշխանությունից առավել, և հասկանալ, որ իսկական կրթությունը սկսվում է դժվար հարցեր տալու համարձակությունից։ Բայց արի ու տես, որ այս պատգամները ճկվում են՝ ըստ շահագրգռվածության։
Համալսարանը չպետք է վերածվի մի վայրի, որտեղ դասավանդելու իրավունքը որոշվում է քաղաքական հայացքներով։ Այն պահից, երբ ակադեմիական ազատությունը զիջում է քաղաքական նպատակահարմարությանը, համալսարանը կորցնում է էությունն ու առաքելությունը։ Ամոթ ու ափսոսանք։
Ես իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ համալսարանը պետք է մնա ազատ մտքի տարածք, որ դասախոսը պետք է գնահատվի իր գիտելիքով ու հեղինակությամբ, այլ ոչ թե քաղաքական հայացքներով, և որ կրթությունը երբեք չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի զոհը եւ համարձակություն ունեն դիմադրելու այս արժեքների դեմ ոտնձգությանը։
Ընկեր Ղազինյանի վաստակը թե՛ Հայաստանի Հանրապետության իրավական պատմության մեջ, թե՛ համաշխարհային գործընկերային ակադեմիական համայնքում արձանագրված է ու անջնջելի, դուք ի՞նչ ավանդ եք թողելու սերունդներին»։