Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կքվեարկի Ջանի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին, եթե նա չցանկանա հրաժարական տալ, հաղորդել է «The Telegraph»-ը։
ՈՒԵՖԱ-ի բոլոր 55 անդամ երկրները կընտրեն Ինֆանտինոյին անվստահության քվե հայտնելու տարբերակը։
Ինֆանտինոն ավելի վաղ որոշել էր հրաժարվել Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրից։ ՖԻՖԱ-ի նախագահի այս առաջարկը մերժվել էր ՈՒԵՖԱ-ի, Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ), Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԱՖԿ) և Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ) կողմից։ ՈՒԵՖԱ-ն նաև հայտարարել էր ՖԻՖԱ-ի կողմից հովանավորվող մրցաշարերի բոյկոտի և Ինֆանտինոյի նկատմամբ վստահության կորստի մասին։
ՖԻՖԱ-ի ծրագիրը նախատեսում էր ստեղծել ընկերություն, որը կհսկեր կազմակերպության տղամարդկանց և կանանց հիմնական մրցումները։ Ինֆանտինոյի խոսքով՝ «FIFA Forward Enterprise»-ի ստեղծումը կբարձրացներ ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների եկամուտները և կնպաստեր ֆուտբոլի զարգացմանը ամբողջ աշխարհում։ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ այս ծրագիրը կարող էր հավաքել 4.2 միլիարդ դոլար։ Նախաձեռնությունը լայնորեն քննադատվել է և դատապարտվել պաշտոնյաների, ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների կողմից։