Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը կարող է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ փոխարինելով գործող նախարար Մխիթար Հայրապետյանին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում վերջին օրերին ակտիվ քննարկվում է հենց Դավիթ Թադևոսյանի թեկնածությունը։

Ո՞վ է Դավիթ Թադևոսյանը

Թադևոսյանի կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում տեղեկությունները սահմանափակ են։ Հայտնի է, որ նա ղեկավարում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում գործող «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Նրա անունը հանրային դաշտում առավել տեսանելի դարձավ 2025 թվականի մարտին, երբ այն ժամանակվա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել էր Նորատուսի ռադիոցանց։ Այցի ընթացքում Դավիթ Թադևոսյանը նախարարին ներկայացրել էր ընկերության տեխնիկական ենթակառուցվածքները, կապի հնարավորությունները և զարգացման ծրագրերը։

Հենց այդ այցից հետո էլ, ըստ ոլորտի մեր զրուցակիցների, Թադևոսյանի անունը սկսել է շրջանառվել բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական կառավարման շրջանակներում։

Ռազմավարական նշանակության ընկերություն

«Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական նշանակության հեռահաղորդակցական ընկերություններից մեկը։

Ընկերությունը զբաղվում է կարճ և միջին ալիքներով ռադիոհեռարձակման և հեռահաղորդակցության ծառայությունների մատուցմամբ։ Տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ապահովել կապ ոչ միայն Հայաստանի և հարակից տարածաշրջանների, այլև՝

Եվրոպայի,

Հյուսիսային Կովկասի,

Ռուսաստանի հարավային շրջանների,

Մերձավոր և Միջին Արևելքի,

Փոքր Ասիայի,

Աֆրիկայի,

Հնդկաստանի,

Հարավարևելյան Ասիայի,

Չինաստանի,

Կորեայի և այլ երկրների հետ։

Այս հանգամանքը ընկերությանը տալիս է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային և ռազմավարական նշանակություն։

Նորատուսի ռադիոկայանը հիմնադրվել է 1965 թվականին։ Խորհրդային Միության փլուզումից հետո այն ստացել է հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ։

Հատկանշական է, որ 2024 թվականի վերջին ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը փոխանցվել է ՀՀ կառավարությանը, իսկ կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Այս փաստը կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից. եթե Դավիթ Թադևոսյանը նշանակվի նախարար, ապա կստացվի, որ նախարարության ենթակայությամբ գործող ռազմավարական ընկերության ղեկավարը տեղափոխվում է նույն նախարարության քաղաքական ղեկավարի պաշտոնին»։

Leave a comment