Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 31-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ նիստում շարունակվել է հայ գերիների պատասխաններով։
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը շարունակել է իր խոսքը՝ դատարանին խնդրելով չեղարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրեն։
Հայ մյուս գերիները՝ Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Վասիլ Բեգլարյանը, Մադաթ Բաբայանը, Գուրգեն Ստեփանյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Լևոն Բալայանը և Էրիկ Ղազարյանը, ինչպես նաև նրանց որոշ փաստաբաններ նույնպես օգտվել են իրենց պատասխանի իրավունքից՝ մեկնաբանելով մեղադրող կողմի հայտարարությունները։ Պաշտպանները դատարանից խնդրել են չեղյալ համարել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել հայ գերիներին, հիմնականում նրանց, ում պաշտպանել են:
Հայ գերիները, իրենց հերթին, ներկայացրել են իրենց փաստարկները և հայտարարել, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում:
Այնուհետև ելույթ են ունեցել, այսպես կոչված, տուժողների ներկայացուցիչները, որոնք նշել են, թե առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է և հիմնավորված, և որ գործի բոլոր փաստերը, իբր, ապացուցվել են դատաքննության ընթացքում։ Հետևաբար, նրանք խնդրել են դատարանին ուժի մեջ թողնել վճիռը՝ առանց փոփոխության։
Դատախազներն իրենց ելույթներում նշել են, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իբր, օրինական է և հիմնավորված, և հայ գերիների վերաքննիչ բողոքներում ներկայացված ապացույցները հիմք չեն տալիս դրա չեղյալ հայտարարման կամ փոփոխման համար։ Հետևաբար, նրանք միջնորդել են չբավարարել վերաքննիչ բողոքները և անփոփոխ թողնել դատավճիռը։
Նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը հայտարարել է վերաքննիչ բողոքների քննության ավարտի մասին: Դատավորների կոլեգիան հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի