Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։

Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից շարունակաբար իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնք հնարավորություն են ընձեռում սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած հայորդիներին հաղորդ դառնալու հայրենի իրականությանը, ամրապնդելու հայրենիքի հետ կապը և իրենց գիտելիքներն ու կարողություններն առավել չափով ի սպաս դնելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և լուսավոր ապագայի կերտմանը։

Նորին Սրբությունը նաև հորդորեց ներկաներին առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը, որը բացառիկ դեր է ունեցել հայ ժողովրդի ազգային ինքնության ձևավորման և պահպանման գործում։

Վերջում Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին ամուր պահել կապը հայրենիքի և Մայր Եկեղեցու հետ, օգտակար մասնակցություն բերել ազգային- հոգևոր կյանքին և հայրենիքի շենացմանը։

Leave a comment