ՖԻՖԱ-ի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան Աշխարհի առաջնությունը վաճառելու ծրագրի դեմ բողոքի

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ավագ խորհրդական Կառլոս Կորդեյրոն հրաժարական է տվել՝ ի նշան կազմակերպության կողմից Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրի դեմ բողոքի, հաղորդել է «Sky News»-ը։ 

ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ և «Goldman Sachs» բանկի նախկին փոխնախագահ Կորդեյրոն պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։

«Որպես ՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդական, նախկին բանկիր և ֆուտբոլի կրքոտ երկրպագու, ես չեմ կարող անտարբեր մնալ, երբ ՖԻՖԱ-ն քննարկում է Աշխարհի գավաթի խաղարկության բաժնեմասի վաճառքը։ Թույլ տվեք հստակեցնել. ես չեմ մասնակցել այս առաջարկին և կտրականապես դեմ եմ դրան։ Սա վատ գործարք է ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների համար, վատ գործարք ֆուտբոլի համար և վատ գործարք խաղի երկարաժամկետ ապագայի համար», – նշել է Կորդեյրոն։

Ըստ պաշտոնյայի՝ ՖԻՖԱ-ի պարտականությունը ոչ թե ցանկացած գնով առևտրային շահույթի մեծացումն է, այլ ապագա սերունդների համար սպորտաձևը պաշտպանելն և ամրապնդելը։ «Մեծ պատիվ է եղել ավելի քան հինգ տարի ծառայել ՖԻՖԱ-ին և աշխատել նվիրված, սկզբունքային մարդկանց հետ, ովքեր խորապես հոգ են տանում խաղի մասին։ Հուսով եմ՝ նրանք նույնպես կխոսեն, քանի որ այս մասշտաբի որոշումները պետք է կայացվեն ֆուտբոլի շահերից ելնելով, այլ ոչ թե նրանց, ովքեր դրանից շահույթ են ստանում», – ընդգծել է Կորդեյրոն։

Այս շաբաթ հայտարարվել էր ՖԻՖԱ-ի՝ Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների բաժնեմասը վաճառելու ծրագրերի մասին։ ՖԻՖԱ-ն նախատեսում է ստեղծել 20 միլիարդ դոլար արժողությամբ դուստր ձեռնարկություն՝ «FIFA Forward Enterprise» (FFE), և դրա մեկ քառորդը վաճառել արտաքին ներդրողներին 4.2 միլիարդ դոլարով։ Այս ծրագրերը լուրջ քննադատության են արժանացել, ՈՒԵՖԱ-ն և դրա անդամ բոլոր 55 ազգային ֆեդերացիաները հայտարարել են ՖԻՖԱ-ի կողմից հովանավորվող մրցաշարերը բոյկոտելու մասին մինչև դրանց չեղարկումը։

Leave a comment