Amazon-ը երկրորդ եռամսյակում ստացել է 600 մլն դոլարի մաքսատուրքերի փոխհատուցում և նախատեսում է այդ գումարի մի մասը վերադարձնել իր հաճախորդներին, հաղորդում է CNBC-ն։
Ընկերության ֆինանսական տնօրեն Բրայան Օլսավսկին հայտնել է, որ փոխհատուցման չափը սահմանափակ է եղել, քանի որ Amazon-ը նախապես մեծացրել էր պաշարները մինչև մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը և իր հարթակում վաճառվող ապրանքների մեծ մասի անմիջական ներմուծողը չէ։ Նրա խոսքով՝ ընկերությունը նույնականացրել է այն դեպքերը, երբ ներմուծման լրացուցիչ ծախսերը փոխանցվել են գնորդներին, և այդ հաճախորդները ավտոմատ կերպով կստանան փոխհատուցում։
Փետրվարին ԱՄՆ Գերագույն դատարանը անվավեր էր ճանաչել Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը և պարտավորեցրել կառավարությանը վերադարձնել գումարները ներմուծողներին։ Փոխհատուցում ստանալու մտադրության մասին հայտարարել են նաև Apple, Walmart, Costco, Home Depot և General Motors ընկերությունները։ Մասնավորապես, Apple-ը հայտնել է, որ մաքսատուրքերի վերադարձը երրորդ եռամսյակում 5%-ով ավելացրել է մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը (EPS)։