ԱՄՆ-ի ՏՏ հսկաները 1.1 տրիլիոն դոլար են ներդրել արհեստական բանականության զարգացման մեջ

ԱՄՆ-ի չորս առաջատար տեխնոլոգիական կորպորացիաները 2023 թվականից ի վեր ընդհանուր առմամբ 1.1 տրիլիոն դոլար են ներդրել արհեստական բանականության զարգացման մեջ։ Այս տվյալները հրապարակվել են ընկերությունների հաշվետվություններում, որոնց հղում է անում Financial Times-ը։

Խոսքը վերաբերում է Amazon-ին, Microsoft-ին, Google-ին և Meta-ին, որոնք արհեստական բանականության շուրջ սկսված բումից հետո զգալիորեն մեծացրել են իրենց ներդրումները։

Պարբերականը նշում է, որ նման ծախսերը ցույց են տալիս ոչ միայն տեխնոլոգիական հսկաների հավակնությունների մասշտաբը արհեստական բանականության ոլորտում, այլև այն արագությունը, որով դրանք վերափոխվում են՝ համեմատաբար ցածր կապիտալ ծախսերով բիզնեսներից դառնալով ֆիզիկական ենթակառուցվածքներում հսկայական ներդրումներ իրականացնող խաղացողներ։

Կապիտալ ծախսերի աճը չի դադարում։ Միևնույն ժամանակ, ներդրողների համար կարևոր է տեսնել, թե ինչպես են ընկերությունները պահպանում հավասարակշռությունը արհեստական բանականության ոլորտում ներդրումների և այն գործոնների միջև, որոնք ժամանակին ապահովել են նրանց հաջողությունը։

Այս չորս կորպորացիաների 2026 թվականի համատեղ ծրագրերը նախատեսում են շուրջ 745 միլիարդ դոլարի ծախսեր։

Financial Times-ի տվյալներով՝ հիմնական միջոցները կուղղվեն տվյալների մշակման կենտրոնների կառուցմանը, առաջատար չիպերի ձեռքբերմանը և դրանց էներգամատակարարման ապահովմանը։ Սա արտացոլում է արհեստական բանականության ոլորտում մրցակցության շարունակական սրացումը և հաշվողական հզորությունների նկատմամբ աճող պահանջարկը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment