Քաղաքականություն
31.07.2026 | 13:18
Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է այս հետխորհրդային մոդելը խոշոր բիզնեսի և քաղաքական իշխանության փոխհարաբերությունների, և այս մոդելը կիրառվում է բազմաթիվ այլ հետխորհրդային երկրներում: Այս մասին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի հրավիրած քննարկման ժամանակ ասաց կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։
«Մենք բոլորս հիշում ենք նույն Պուտինի առաջին ժամկետի ընթացքում ինչպիսի պայմանավորվածություններ կային խոշոր բիզնեսի հետ, և ինչ տեղի ունեցավ, երբ նույն Խոդորկովսկին խախտեց այդ պայմանավորվածությունը: Հիմա կարծում եմ՝ շատ նման գործընթաց է տեղի ունենում, և Գագիկ Ծառուկյանի կենսագրությունը ինքնին ցույց է տալիս, որ այս հարցում շատ բան չի փոխվել հեղափոխությունից հետո: Հիշում ենք բոլորս Սերժ Սարգսյանի հետ այդ կոնֆլիկտը՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված:
Հիշում ենք, որ հեղափոխությունից հետո նույնիսկ կար այսպիսի իրավիճակ, երբ մի պահ կրկին քրեական գործեր էին հարուցվել: Այսինքն՝ քաղաքական ակտիվացման շրջանը ուղեկցվում է արդեն այս քաղաքականացված և ընտրովի արդարադատության շրջանով»,- ասաց նա։
Ապա Տիգրան Գրիգորյանը նշեց, որ անհատը կարևոր չի ՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի կենսագրությունը կարելի է քննարկել, վստահաբար ցանկության դեպքում կարելի է ապօրինի ինչ-որ գործողություններ գտնել:
«Այստեղ սկզբունքն է կարևոր. երբ իշխող ուժը հնարավորություն ունի իր սեփական անձնական նպատակները հետապնդելու համար կամայականորեն և ընտրողաբար կիրառել արդարադատության համակարգը։ սա նշանակում է, որ երկրում արդարադատություն գոյություն չունի»,- նշեց Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան