Թուրքիան պատրաստ է ակտիվ դեր ստանձնել Լիբանանի ինքնիշխանության ապահովման գործընթացում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հնարավոր ավարտից հետո, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Անկարան նշել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում դիվանագիտական ջանքերին՝ ուղղված իսրայելական հարվածների և օկուպացիայի դադարեցմանը։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան շարունակելու է աջակցել Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանմանը։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ բանակցությունների ընթացքում քննարկել են երկրի հարավում ստեղծված իրավիճակը, Լիբանանի և Սիրիայի հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Էրդողանը ընդգծել է, որ Անկարան շարունակելու է Բեյրութին տրամադրել հումանիտար, տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է մասնակցել նաև հարավային շրջանների վերականգնմանը՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։
Իր հերթին Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ Անկարա կատարած այցը պետք է դառնա երկու երկրների հարաբերությունների նոր փուլի սկիզբ։ Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիային աջակցության համար՝ ընդգծելով Անկարայի կարևոր դերը Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության շրջանակում։
Աունը նշել է, որ Լիբանանը ձգտում է հասնել իր տարածքից իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերմանը, բնակիչների վերադարձին իրենց տներ, տնտեսության վերականգնմանը և պետական կառույցների ամրապնդմանը։
Լիբանանի նախագահը նաև ընդգծել է, որ երկրի իշխանությունների նպատակն է ապահովել «մեկ պետություն, մեկ բանակ և մեկ իշխանություն» սկզբունքի լիարժեք իրականացումը։