FIFA-ն քննադատության է ենթարկվել 20 մլրդ դոլար արժողությամբ բաժնեմաս վաճառելու ծրագրի համար

FIFA-ի՝ նոր առևտրային կառույց ստեղծելու և դրանում բաժնեմաս վաճառելու վիճահարույց ծրագիրը կտրուկ արձագանքի է արժանացել օրենսդիրների շրջանում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի և եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի՝ UEFA-ի կողմից։

Ինչպես գրում է Financial Times-ը, օրերս FIFA-ն հայտարարել է Fifa Forward Enterprise անվանումով նոր ընկերություն ստեղծելու և դրա բաժնետոմսերի շուրջ 20%-ը ներդրողներին վաճառելու մտադրության մասին, ինչը ենթադրում է ընկերության մոտ 20 մլրդ դոլար գնահատական։ Պարբերականի տվյալներով՝ առաջադեմ փուլում են բանակցությունները Thrive Eternal ներդրումային ընկերության հետ, որը ղեկավարում է Ջոշուա Քուշները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայրը։

Հոդվածի համաձայն՝ նախաձեռնության նպատակն է օգտվել տղամարդկանց վերջին աշխարհի առաջնության առևտրային հաջողությունից, որի շնորհիվ FIFA-ն ընթացիկ տարում ավարտվող քառամյա ցիկլի ընթացքում ստացել է առնվազն 13 մլրդ դոլարի եկամուտ։

Սակայն առաջարկը, որի մասին առաջինը հայտնել էր Financial Times-ը, անմիջապես դժգոհություն է առաջացրել։ Էնդի Բերնհեմը, որն այս ամիս ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ ֆուտբոլը «ներդրողներին չի պատկանում»։

«Աշխարհի առաջնությունը ապրանք չէ և երբեք չի եղել որևէ մեկի սեփականությունը, որը կարելի է վաճառել։ Ինչ կերպ էլ փորձեք ներկայացնել այս գործարքը, էությունը նույնն է մնում․ երբ դրա մի մասը վաճառում եք, իրականում վաճառում եք ամբողջը», – ասել է Բերնհեմը, որը հայտնի է որպես ֆուտբոլի մեծ երկրպագու։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովի դեմոկրատ անդամները հայտարարել են, որ ներդրումային ծրագիրը ևս մեկ ապացույց է այն բանի, որ FIFA-ն փորձում է շահել Թրամփի ընտանիքի բարեհաճությունը։ Կազմակերպության նախագահ Gianni Infantino Ջաննի Ինֆանտինոն դեկտեմբերին ԱՄՆ նախագահին հանձնել էր նոր «FIFA-ի խաղաղության մրցանակը», իսկ, ըստ FT-ի, կազմակերպությունը նաև գրասենյակային տարածք է վարձակալել Նյու Յորքի Trump Tower-ում։

UEFA-ն հայտարարել է, որ FIFA-ի ծրագիրն «անցնում է այն սահմանը, որը ֆուտբոլի ղեկավար մարմինները երբեք չպետք է հատեն»։

«Ֆուտբոլի հոգին և կառավարումը վաճառքի ենթակա ակտիվներ չեն, հատկապես այն դեպքում, երբ որևէ թափանցիկություն չկա այն հարցում, թե ով է ստանում ֆինանսական շահույթ։ Մեզանից ոչ ոք ֆուտբոլի սեփականատերը չէ։ ՖԻՖԱ-ն իրավունք չունի այն վաճառել», – հայտարարել է ՈւԵՖԱ-ն։

FT-ի փոխանցմամբ՝ եվրոպական երկրպագուների միավորումը՝ Football Supporters Europe-ը, նույնպես քննադատել է ծրագիրը և պահանջել Ինֆանտինոյի հրաժարականը։

Իր հայտարարության մեջ Ինֆանտինոն նշել է, որ ծրագիրը «նպատակ ունի ժողովրդավարացնել ֆուտբոլը ողջ աշխարհում», իսկ ներգրավված միջոցները «մեծ մասամբ կներդրվեն նույնիսկ ֆուտբոլային աշխարհի ամենափոքր և ամենահեռավոր անկյուններում»։

FT-ի տվյալներով՝ առաջարկը նախատեսում է առաջիկա չորս տարիների ընթացքում ֆուտբոլի զարգացման համար հասանելի ֆինանսավորման ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի՝ ներկայիս 4 մլրդ դոլարի փոխարեն։

Հոդվածի համաձայն՝ բաժնեմասի վաճառքից ստացված միջոցների մի մասը կուղղվի FIFA-ի անդամ կազմակերպություններին տրամադրվող տարեկան վճարումների ավելացմանը, որոնք մասնակցում են առանցքային որոշումների քվեարկությանը։ Այդ վճարումները ներկայիս տարեկան 2 մլն դոլարից կբարձրանան մինչև 5 մլն դոլար։ Բացի այդ, յուրաքանչյուր անդամ կազմակերպություն կստանա 20 մլն դոլարի միանվագ վճարում։

Leave a comment