Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը

Հասարակություն

31.07.2026 | 10:54

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանի տանը քննչական գործողություններ են իրականացվում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Իրավապահ կառույցից ասացին, որ վարույթն առնչվում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանի գործին։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին հանրային քրեական հետապնդում հարուցվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման։

Նշենք, որ  «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Նա կալանավորված է, մեղադրանքը չի ընդունում։

 

Արփի Հակոբյան

Leave a comment