Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2026 թվականի հունիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանում քննության է ընդունվել Լ. Ա-ի վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Լ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունների շրջանակներում իր օգտին ապօրինի գործողություն կատարելու համար տվել է 300.000 ՀՀ դրամին համարժեք կաշառք, սակայն դիտավորության մեջ հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:
Այսպես, Լ․ Ա․ 2026 թվականի մայիսի 17-ին, «TIkTok» սոցիալական հարթակում, ծանոթացել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու վերաբերյալ հրապարակմանը:
Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 18-ից, տեղեկացված լինելու ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի մասին և հասկանալով, որ օրինական ճանապարհով չի կարող այն ձեռք բերել, Լ. Ա․ նպատակադրվել է սահմանված կարգի խախտմամբ’ կաշառք տալու դիմաց, ստանալ «B» կարգի վարորդական իրավունքի վկայական:
Դիտավորության մեջ ընդգրկված հանցավոր արարքն իրագործելու նպատակով «TikTok» սոցիալական կայքի, իսկ այնուհետև նաև «WhatsApp» հավելվածի հեռախոսահամարի միջոցով կապ է հաստատել նշված հայտարարությունը տարածած անձի հետ, ով, ներկայանալով որպես Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, առանց համապատասխան քննություններին մասնակցելու և դրական արդյունք ստանալու, վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար պահանջել է 300.000 ՀՀ դրամ կաշառք, ինչին Լ. Ա․ համաձայնել է և 2026 թվականի մայիսի 19-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա 12 հասցեին կից տեղակայված կրիպտոմատի միջոցով, հիշյալ անձին փոխանցել է 300.000 ՀՀ դրամին համարժեք կրիպտոարժույթ, որից հետո վճարման անդորրագրի լուսանկարն էլեկտրոնային եղանակով փոխանցել է բաժնի պետ ներկայացած անձին և վարորդական իրավունքի վկայականը ստանալու նպատակով, նույն օրը, ներկայացել Երևան քաղաքի Գաջեգործների փողոց 76 հասցեում գործող Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ պարզվել է, որ իր հետ հաղորդակցված և բաժնի պետ ներկայացած անձը վարորդական իրավունքի վկայականի տրամադրման մասին հայտնել է կեղծ տվյալներ և փոխանցված գումարին տիրացել է կաշառք ստանալու պատրվակով, որպիսի պայմաններում Լ․ Ա․-ի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:
Լ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Դատարանը գործի վարույթը ստանձնել է 2026 թվականի հունիսի 29-ին։ Նախնական դատալսումների առաջին նիստը, որը նշանակված էր հուլիսի 6-ին, չի կայացել՝ դատավորի առանձին սենյակում գտնվելու հանգամանքով պայմանավորված։
Հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2026 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 12:00-ին։
Լ․ Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ