Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր

Քաղաքականություն

30.07.2026 | 22:26

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին։ Կողմերը քննարկել են հայ-իրանական ռազմավարական հարաբերությունների օրակարգը, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և տարածաշրջանային զարգացումները։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերություններում հատկապես ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին: Ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռնվող հնարավորությունների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան օրակարգային հարցերի ու ընթացիկ աշխատանքներին:

Մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment