Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին։ Չորս տարին մեկ կազմակերպվող բանակումին այս տարի մասնակցում են շուրջ 900 սկաուտներ՝ աշխարհի 26 երկրներից։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Նորին Սրբությունը, Հայրապետական իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, գոհունակություն է հայտնել հայրենիքում աշխարհասփյուռ հայորդիների համախմբման, ինչպես նաև բանակումի շրջանակում կազմակերպվող կրթական, մշակութային ու հոգևոր ծրագրերի առիթով։ Վեհափառ Հայրապետը կարևոր է նկատել հայրենաճանաչության նմանօրինակ ծրագրերը, որոնք կոչված են զորացնելու երիտասարդների ազգային գիտակցությունը և ազգին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։
Հայոց Հայրապետն ընդգծել է, որ գտնվելով հայրենիքում՝ երիտասարդները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, ծանոթանում հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հոգևոր ժառանգությանն ու նվիրական սրբություններին և առավել խորությամբ ճանաչում իրենց ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստանում անցկացրած օրերը նրանց համար կդառնան անմոռանալի՝ հարստացած նոր հոգևոր ապրումներով, ջերմ տպավորություններով ու բացահայտումներով։
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ուրախությամբ անդրադարձել է երիտասարդների հայրենասիրական ոգուն, աստվածսիրությանն ու եկեղեցասիրությանը՝ նշելով, որ հենց այդ արժեքներն են ամուր պահում ազգային կյանքը, միավորում աշխարհասփյուռ հայությանը և զորացնում հայ ժողովրդի հավատն ու հույսը ապագայի հանդեպ։
Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խոսքով՝ միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք։
Այնուհետ Նորին Սրբությունը պատգամել է հայորդիներին իրենց հոգիներում մշտավառ պահել ազգային ոգին, անսասան՝ հավատն առ Աստված և աննվազ՝ սերն առ հայրենին ու Սուրբ Եկեղեցին։ Հայոց Հայրապետը մաղթել է, որ այդ սիրով առաջնորդվեն իրենց կյանքում, ուսման ու աշխատանքի մեջ և իրենց շնորհներն ու կարողությունները ծառայեցնեն հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին և հայրենիքի շենացմանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին, բանակումի կազմակերպիչներին և ազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր իրենց նվիրյալ ծառայությունն են բերում երիտասարդ սերնդի կրթության, ազգային ու հոգևոր դաստիարակության և հայեցի նկարագրի կերտման նվիրական գործին։